Հայոց ցեղասպանությունը ճանաչած Զարաքոլուն արժանացել է դանիական Խաղաղության պարգեւին

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն արժանացել է Դանիայի PL հիմնադրամի Խաղաղության պարգեւին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական DemokratHaber կայքը` նշելով, որ պարգեւը դեկտեմբերի 10-ին Զարաքոլուին կհանձնի PL հիմնադրամի նախագահ Փոլ Սոգաարդը: PL հիմնադրամի Խաղաղության պարգեւը Ռագըփ Զարաոլուին հանձնվում է մտքի եւ արտահայտվելու ազատության եւ մարդու իրավունքների բնագավառներում նրա ցուցաբերած արտակարգ ջանքերի շնորհիվ: PL հիմնադրամի Խաղաղության պարգեւը տրվում է ՄԱԿի համամարդկային իրավունքների հայտարարագրի շրջանակում ոչ բռնության ճանապարհով ժողովրդավարության համար պայքարող մարդկանց եւ կազմակերպություններին:
Ռագըփ Զարաքոլուն 2005 թվականին ստացել էր նաեւ Նորվեգիայի գրողների միության եւ Նորվեգիայի մշակույթի նախարարության կողմից տրվող «Արտահայտվելու ազատության պարգեւը»: Ռագըփ Զարաքոլուն Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր է հրատարակել: Նա մի քանի անգամ եղել է Հայաստանում եւ այցելել Ցեղասպանության հուշահամալիր: