Հոլանդիայում ցուցադրվեց «The Cut» ֆիլմը

Դեկտեմբերի 2-ին Նայմեխենի «Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության և քաղաքի Լյուքս կինոթատրոնի հետ համագործակցության արդյունքում ցուցադրվեց գերմանաբնակ, ազգությամբ թուրք ռեժիսոր Ֆատին Ակինի «Սպի» (The Cut) ֆիլմը: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում է Նայմեխենի «Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության անդամ Սվետա Աբրահամյանը:
Կինոդահլիճը լեփ-լեցուն էր, շատ էին նաև օտարազգիները: Կինոնկարի ցուցադրությունից առաջ ՄՀՀ կազմակերպության հիմնադիր Գայանե Աբրահամյանը ողջունեց բոլորին ու նշեց, որ ֆիլմի ցուցադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվող միջոցառումների շարքից է: Նա հանդիսատեսին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ Անմոռուկը, ու խոսեց նրա թերթիկների ու գույների նշանակության մասին:
Երեկոյի նպատակներից մեկն էլ հոլանդական «Արյունակից եղբայրները» վավերագրական սերիալի գլխավոր հերոսներ Սինանի ու Արայի հետ բանավեճի կազմակերումն էր՝ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ:
Ֆիլմի ցուցադրությունից հետո կազմակերպիչները հյուրերին նվիրեցին Անմոռուկ կրծքանշան: