«Ապագա» համաժողովի մասնակից. Հային երբեք չի լքում վերադառնալու և Հայրենիքը շենացնելու գաղափարը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/112.jpg)
ՀՀ սփյուռքի նախաձեռնությամբ Համաշխարհային հայկական կոնգրեսի, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության, «Իմաստ» կրեատիվ գործակցության ընկերակցության համագործակցությամբ նոյեմբերի 27-ից 29-ը Երևանում գումարվեց Հայ երիտասարդների «Ապագա»՝ երկրորդ համահայկական համաժողովը, որի ընթացքում հետաքրքիր ելույթներով հանդես եկան Հայաստանի, Սփյուռքի, Արցախի ու Ջավախքի երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ: Համաժողովի և Մոսկվայի հայ երիտասարդներին առնչվող տարբեր հարցերի շուրջ «Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է Մոսկվայի երիտասարդական բարեգործական կազմակերպության հիմնադիր-նախագահ Պապին Ապրոյանի հետ:
– Պապի՛ն, պատմեք խնդրեմ ձեր կազմակերպության ստեղծման, առաքելության և հիմնախնդիրների մասին:
– Մեր կազմակերպությունը պաշտոնապես գրանցվել է 2012 թվականին: Մենք օգնում ենք երեխաներին: Աշխատակազմը բաղկացած է 15 հոգուց, իսկ անդամները մոտ 150 հոգի են, որոնց գերակշիռ մասը հայեր են: Մեր նպատակը, գերխնդիրը մարդկանց, այս դեպքում՝ երիտասարդների մեջ, գթասրտության, բարեսրտության զգացում զարգացնելն է: Աշխարհում պակասել է սերը, իսկ առանց սիրո ոչ մի մեծ արժեք չի ստեղծվում, առանց սիրո մեր մոլորակը դատապարտված է կործանման: Մեր կազմակերպությունում ընդգրկված մարդկանց շարքերում չկա ռասայական, կրոնական ոչ մի խտրականություն. կարևորը մարդկային գործն է, մեր կազմկերպության հիմնասյունը բարությունն է:
– Ո՞րն է ձեր կազմակերպության հիշարժան և մեծամասշտաբ միջոցառումը:
– Քանի որ ես ամենից առաջ հայ եմ, հետո՝ սահմաններ չճանաճող բարեգթության հիման վրա ստեղծված կազմակեպության ղեկավար, ուստի ինձ ամենից առաջ հուզում է աշխարհի բոլոր ծագերում ապրող հայերի, հայկական համայնքների, գաղութների ճակատագիրը: Այդ առումով պետք է առանձնացնել Քեսաբի համար կազմակերպած մեր մարդասիրական օգնությունը: Չեմ կարող չնշել մեր կազմակերպության մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այդ առիթով մենք թողարկեցինք հայ առաքելական եկեղեցու և խաչի պատկերով 100 շապիկ, ինչպես նաև՝ հիշեցում, որ 1915-ին թուրքերը սպանել են 1,5 միլիոն անմեղ հայերի: 100-րդ տարելիցի առիթով տպագրել ենք Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվական թերթիկներ, որոնք սփռել ենք ողջ Մոսկվայում: Մեր կազմակերպության երիտասարդները դրանք ցրել են հատկապես մարդաշատ վայրերում՝ հրապարակներում, մետրոյի կայարաններրի մուտքերի մոտ. այդ թերթիկների վրա հղում կար համացանցի «Հայերի ցեղասպանությունը 1915թ.» կայքին: Այս խոշոր միջոցառումներից բացի մեր կազմակերպությունը մասնակցել է բազմաթիվ փառատոների, միջազգային, համառուսական մրցույթների, այցելել մանկատներ, օգնել սահմանափակ կարողություններ ունեցող երեխաներին՝ առանց ազգային խտրականության:
– Ի՞նչ տվեց Ձեզ այս համաժողովը, ո՞րն է Ձեր կարծիքով համաժողովի առանցքային կարևորության հարցը, որի շուրջ կարող են համախմբվել ու համագործակցել աշխարհի բոլոր հայ երիտասարդները:
– Համաժողովը աշխարհով մեկ սփռված և Հայաստանում ապրող հայ երիտասարդների համար շփվելու, միմյանց ճանաչելու, կարծիքներ փոխանակելու հրաշալի հարթակ է, սակայն առանցքային կարևորության հարցերն ընդունված, ռեալ գործողություններն են, որպեսզի կարողանանք հաջորդ համաժողովի ժամանակ զեկուցել արդեն իրականացրած աշխատանքների մասին, որոնց առումով՝ 2-րդ համաժողովում ձեռք բերեցինք պայմանավորվածություն:
– Պապի՛ն, երբևէ մտածե՞լ եք մշտապես ապրել Հայրենիքում:
– Ես կարծում եմ, որ այդ երազանքը, ցանկությունը յուրաքանչյուր հայ կրում է իր սրտում, և յուրաքանչյուր հայի երբեք չի լքում Հայրենիք վերադառնալու և Հայրենիքը շենացնելու գաղափարը:
Կարինե Ավագյան