Հայաստանի վարկանիշի բարձրացման համար երիտասարդները նույնպես ներդրում պետք է ունենան

«Հայերն այսօր»–ը զրուցել է նոյեմբերի 27-ին մեկնարկած ՀՀ սփյուռքի նախարարության, Ռուսաստանի հայերի միության, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության և Նիժնի Նովգորոդի «Իմաստ» երիտասարդական ընկերակցության կողմից համատեղ կազմակերպված Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների երկրորդ՝ «Ապագա» խորագրով համաժողովի մասնակիցներ` Շահնուր Մինասյանի, Հակոբ Հրեշտակյանի և Սլավա Մեժդոյանի հետ:
Շահնուր Մինասյան- «ՆՈՒԱՐԴ» մշակութային միության երիտասարդական կառույցի ղեկավար
– «ՆՈՒԱՐԴ» մշակութային միությունը ստեղծվել է Բելգիայի Անտվերպեն քաղաքում՝ 2001 թվականին: Այն հիմնադրել է հայրս՝ Գևորգ Մինասյանը:
Կառույցի ստեղծման օրից ի վեր ձեռնամուխ ենք եղել հայապահպանությանը միտված զանազան ծրագրերի իրականացմանը: Միությունում գործում է կիրակնօրյա դպրոց, պարի խումբ: Հրատարակում ենք նաև «Լրագիր» ամսաթերթը, որը տարածաշրջանում միակ հայկական տպագիր մամուլն է:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում` Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին նվիրված խաչքար տեղադրեցինք: Վերջերս էլ Անտվերպեն քաղաքի «RIX» մշակութային կենտրոնում կազմակերպեցինք «Ջուղայի խաչքարերի սպանդը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որի ժամանակ այցելուներին ներկայացրեցինք Ջուղայի հայկական խաչքարերի արարումն ու նրանց բարբարոսական ոչնչացման ընթացքը:
«ՆՈՒԱՐԴ» մշակութային միությունում մշտապես մեծ շուքով տոնախմբում ենք հայկական ազգային, պետական և եկեղեցական տոները: Միության համառ ջանքերի շնորհիվ և Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի և Ֆլանդրիայի նախագահ-նախարար պարոն Բուրժուայի աջակցությամբ` Ֆլանդրիայի պառլամենտը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև ընդունեց, իսկ Բելգիայի պառլամենտում հարցի քննարկմանը հետամուտ եղան և հաջողության հասան ֆլանդրիացի պառլամենտականները: Կազմակերպում ենք նաև պառլամենտականների այցելությունը Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:
Միությունը նաև Ֆլանդրիայի պառլամենտում բացել է ցուցահանդես «Ցեղասպանություն -100. Հիշում և պահանջում ենք» խորագրով:
Մեր նպատակն է հնարավորինս շատ հայ երիտասարդներ ներգրավվել միության կազմում:
Մասնակցել եմ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրին և գոհ մնացել: Այն, որ նման հավաքների ժամանակ նոր ծանոթություններ ենք հաստատում, դա արդեն մեծ ձեռքերում եմ համարում:
Հակոբ Հրեշտակյան-Սիրիա, Սիրիահայերի հինախնդիրները համակարգող»հասարակական կազմակերպության անդամ
– Արդեն չորս տարի է, որ Սիրիայում տիրող պատերազմական իրավիճակի պատճառով` տեղափոխվել եմ Հայաստան: Իբրև սփյուռքահայ երիտասարդ՝ սկզբնական շրջանում միջավայրին ինտեգրվելու և լեզվական խնդիրների առջև կանգնեցի: Դժվար էր ինձ համար արևմտահայերենից անցում կատարել արևելահայերենի: Սակայն չեմ հուսահատվում, քանի որ ժամանակի ընթացքում հաղթահարում եմ այդ ամենը:
Ինչպես գիտեք, Սիրիայում ակտիվ հայ համայնքն էր գործում, որը ծաղկուն մշակութային կյանքով էր ապրում: Այնպես որ, միշտ հայկական միջավայրում եմ ինձ զգացել, որն էլ օգնել է չմոռանալ Հայաստանը:
Կարծում եմ՝ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կաղմակերպվող համաժողովները նախ ամրապնդում են Հայաստան-Սփյուռք կապերը. այս համաժողովը ևս բացառություն չէ:
Սլավա Մեժդոյան-Թբիլիսի, «Վրաստանի հայ համայնք» ՀԿ հիմնադիր անդամ, ակտիվիստ
– Հասարակական կազմակերպության հիմնական ռազմավարությունը համայնքում առկա խնդիրներով զբաղվելն է: Արդեն 10 տարվա գործունեության ընթացքում ծավալուն աշխատանքներ են կատարվել այդ ուղղությամբ, ինչն էլ նպաստել է, որ միությունը ճանաչում և բարի համբավ ունենա:
Հասարակական կազմակերպությունում գործում են պատանեկան, երիտասարդական և այլ միություններ, «Միություն» թերթն ենք հրատարակում, որի միջոցով լուսաբանում ենք ինչպես միության գործունեությունը, այնպես էլ համայնքում տեղի ունեցող միջոցառումները:
Երիտասարդների գիտակցության մեջ հայ լինելու գաղափարը վառ պահելու համար հայոց լեզվի, հայ ժողովրդի պատմության դասընթացներ ենք իրականացնում, իսկ ցանկացած ծրագիր կազմակերպելիս` միշտ օտար միջավայրում ապրող հայերի շահերն ու իրավունքներն ենք պաշտպանում:
Փորձում ենք մասնակցություն ունենալ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող համաժողովներին:
Նման հանդիպումների ժամանակ նախ ծանոթանում ենք հասակակից գործընկերների հետ, միմյանց ներկայացնում համատեղ գործունեության ծրագրեր: Բոլորս գիտակցում ենք, որ Հայաստանի վարկանիշի բարձրացման համար երիտասարդներս նույնպես ներդրում պետք է ունենանք:
Համաժողովների ընթացքում համագործակցության նոր ուղիներ գտնելու հնարավորություններ են ընձեռվում: Քննարկումների ժամանակ տարբեր հարցեր ենք առաջադրում, որոնք հետագայում համատեղ ուժերով փորձելու ենք կյանքի կոչել: