«Ապագա» համաժողովի մասնակից.«Հասկացա, որ այլևս չեմ կարող Մոսկվայում ապրել»
«Հայերն այսօրի» զրուցակիցը Ռուսաստանի հայերի միության ակտիվիստ Անահիտ Խալաթյանն է: Անահիտը մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության, Ռուսաստանի հայերի միության, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության և Նիժնի Նովգորոդի «Իմաստ» երիտասարդական ընկերակցության կողմից համատեղ կազմակերպված Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների երկրորդ՝ «Ապագա» խորագիրը կրող համաժողովին:
-Մոսկվայից երեք ամսի առաջ եմ հայրենադարձվել: Մի քանի տարի է, ինչ փորձում էի Հայաստան վերադառնալ, սակայն ինչ-ինչ պատճառներով չէր հաջողվում: Որոշումը կայացրել եմ ընդամենը երկու օրվա ընթացքում: Հասկացա, որ այլևս չեմ կարող Մոսկվայում ապրել:
Նույնիսկ այստեղ զբոսաշրջային գործակալությունում աշխատանք եմ գտել: Ուժերս ամեն կերպ փորձում եմ, որ ամեն ինչ լավ ստացվի, չեմ հուսահատվում: Մոսկվայում 10 տարի Ռուսաստանի հայերի միության ակտիվիստներից էի, իսկ երեք տարի առաջին փոխնախագահի օգնականն էի և ներգրավված էի տարբեր ծրագրերի կազմակերպչական աշխատանքներում: Այժմ էլ կապը չեմ կտրում միության հետ:
Տարիների ընթացքում մասնակցել եմ ՀՀ սփյուռքի նախարարության տարբեր ծրագրերին` «Սփյուռք» ամառային դպրոց, «Հայերենն իմ սրտում է» համաժողով և այլն:
Իսկ «Ապագա» խորագրով երիտասարդական համաժողովի իրականացման գաղափարն ինձ և Նիժնի Նովգորոդի «Իմաստ» երիտասարդական ընկերակցության նախագահ Անի Մխիթարյանին է պատկանում: Համաժողովի միտքն առաջացավ այն ժամանակ, երբ 2014 թվականին մասնակցեցինք ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովին:
Սկզբում որոշել էինք այն կազմակերպել Սոչիում, սակայն հետո մտադրվեցինք ՀՀ սփյուռքի նախարարությանը ներկայացնել մեր ծրագիրը, ինչն էլ հաջողությամբ պսակվեց:
Կարծում եմ՝ համաժողովի օրերին արդյունավետ քննարկումներ ունեցանք, որոնք ուրվագծեցին մեր հետագա անելիքներն ու պարտականությունները: