Ռուսական կործանիչները հարվածել են Թուրքիայից Սիրիա մտած բեռնատար ավտոշարասյանը

Ռուսական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Թուրքիայից դեպի Հալեպի Ազեզ շրջան ուղևորվող բեռնատարների շարասյունը:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` ավիահարվածների հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել` 10-ը, այրվել է 20 բեռնատար, գրում է ermenihaber.am-ը:

Ըստ աղբյուրի` ցեմենտով բեռնված մեքենաները սիրիական են եղել, որոնք բեռնվել են Թուրքիայի Քիլիս քաղաքին հարակից  թուրք-սիրիական սահմանի Օնջուփընար անցակետում:

Նշվում է, որ բեռներն ուղարկվել էր Թուրքիայի կողմից իբրև օգնություն Հալեպի հյուսիսում գտնվող սիրիական Ազեզ շրջանի փախստականներին:

Վերոնշյալ շրջանը, ինչպես նաև Հալեպի զգալի մասը գտնվում է տարատեսակ «ընդդիմադիր» խմբավորումների հսկողության տակ, որոնք զինված պայքար են մղում Սիրիայի իշխանությունների դեմ:

Թուրքական լրատվամիջոցների մի մասն էլ բեռնատարների ռմբակոծումը վերագրում է ոչ թե ռուսական կործանիչներին, այլ սիրիական օդուժին: Թեմայի վերաբերյալ առայժմ որևէ մեկնաբանություն չի հնչել Թուրքիայի իշխանական շրջանակներից:

Scroll Up