ՀՀ սփյուռքի նախարարը շնորհավորել է Ուեսթբրուքի քաղաքային խորհրդի անդամ Աննա Աստվածատուրյան-Տուրկոտին

Հարգելի տիկին Աստվածատուրյան-Տուրկոտ,

Շնորհավորում եմ Ձեզ Ուեսթբրուքի քաղաքային խորհրդի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հպարտ ենք, որ Բաքվի ջարդերի պատճառով ԱՄՆ գաղթած մեր հայրենակցուհին մարդկային և օրինապաշտ քաղաքացու իր որակներով, իր պետական և քաղաքական գործունեությամբ գնահատվել է ըստ արժանվույն և օտար հողում հասել նման հաջողության` նվաճելով ոչ միայն հայերի, այլև ամերիկացիների վստահությունը:

Հիրավի, բարձր գնահատանքի է արժանի այն նվիրումը, որով առաջնորդվում եք Ձեր աշխատանքային գործունեության յուրաքանչյուր ոլորտում՝ թե որպես մարդու իրավունքների պաշտպան, թե որպես գրող, վստահ ենք, որ նույն կերպ եք դրսևորելու Ձեզ նաև որպես քաղաքային խորհրդի անդամ:

Գնահատանքի է արժանի նաև Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու հայապահպանությանն ուղղված Ձեր գործունեությունը: Այս նվիրումը բարձր է գնահատվել հայրենի իշխանությունների կողմից՝ Ձեզ շնորհելով պետական բարձրագույն պարգևներից մեկը՝ «Մովսես Խորենացու» մեդալը:

Ընդունեք մեր սրտագին շնորհավորանքները: Լիահույս ենք, որ պաշտոնում ընտրվելը սկիզբն է Ձեր քաղաքական գործունեության և այն դառնալու է նոր ձեռքբերումների և նվաճումների գրավական:

Մաղթում ենք Ձեզ անսպառ եռանդ ու երկարամյա բեղուն գործունեություն՝ ի շահ հայ ժողովրդի և ԱՄՆ հայ համայնքի:

Լավագույն բարեմաղթանքներով`

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up