«Քեզ հետ, Հայաստան». Վիեննայում տեղի ունեցավ համերգաշարի եզրափակիչ համերգներից մեկը

Նոյեմբերի 7-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» համերգը, որն աշխարհի մի շարք քաղաքներում կայացած եզրափակիչ համերգներից մեկն էր: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Համերգը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության, Ավստրիայում ՀՀ դեսպանության կողմից` «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հետ համատեղ:

Համերգը տեղի ունեցավ Վիեննայի լավագույն բեմերից մեկի` Մյուզիկֆերայն համերգասրահի գլխավոր դահլիճում` Գրոսսեր Զալում:

Համերգի բացումը կատարեց Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, որն ակնածանքի խոսքեր արտահայտեց աշխարհահռչակ երաժիշտների հասցեին՝ հայ ժողովրդի կողքին կանգնելու, նրա վիշտը կիսելու և սեփական արվեստով մարդկության դեմ հետագա հանցագործությունների դեմ պայքարելու համար:

Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Բաբաջանյանի, Բրամսի, Ռահմանինովի, Բիզեի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Կատարումներով հանդես եկան ավստրիաբնակ դաշնակահար Նարե Աղրամանյանը և ջութակահար Էմանուել Ճկնավորյանը, հանրահռչակ թավջութակահար Միշա Մայսկին և իր ընտանեկան տրիոն, ինչպես նաև Լիանա Հարությունյանը, Հովհաննես Այվազյանը, Վարդուհի Խաչատրյանը և Բարսեղ Թումանյանը, որոնք Սալցբուրգի Camerata նվագախմբի և Bachchor երգչախմբի ուղեկցությամբ կատարեցին Մոցարտի Ռեքվիեմը: Այն խմբավարում էր անվանի հայ երաժիշտ Ջորջ Փեհլիվանյանը: 

Համերգին ներկա էին Ավստրիայում և միջազգային կառույցներում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, դիվանագետներ, Ավստրիայի խորհրդարանի անդամներ, գործադիր և օրենսդիր իշխանական շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ, ավստրիահայ համայնքի անդամներ: 

Scroll Up