Մարտուն Էլբակյան. «Երբ Մայր հայրենիքն է գնահատական տալիս, այն արթնացնում է մի այլ զգացում»

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով գտնվելով Նիդերլանդներում՝ հոկտեմբերի 17–ին Նիդերլանդների Թագավորության ՀՀ դեսպանատանը հանդիպում է ունեցել հոլանդահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներին, խոսել նախարարության ծրագրերից, պարգևներ հանձնել հայապահպանության գործում առավել  աչքի ընկած կազմակերպություններին, անհատներին:
Ի թիվս մյուսների՝ «Ուրարտու» հայ-նիդերլանդական կազմակերպության նախագահ Մարտուն Էլբակյանն  արժանացավ «Մայրենիի դեսպան» մեդալին: «Նիդերլանդական օրագիր»-ը հարցազրուց  ունեցավ պարոն Էլբակյանի հետ, որն էլ ներկայագնում ենք ստորև.

– Դուք նախագահում եք «Ուրարտու» հայ-նիդերլանդական կազմակերպությունը և միաժամանակ ղեկավարում նույն կազմակերպության բարեգործ Կարեն Սարիբեկյանի անվան մեկօրյա հայկական դպրոցը և մեծահասակների հայ-հոլանդական դպրոցը, որտեղ հայազգի և իրենց հայ համարող մարդկանց հայերենի բազայի վրա սովորեցնում են հոլանդերեն: Պարո´ն Էլբակյան, պատմեք Ձեր գործունեության մասին:

– Առաջին հերթին կցանկանայի իմ շնորհակալական խոսքն ասել «Նիդերլանդական օրագիր» կազմակերպության աշխատակիցներին: Հարցի պատասխանը ծավալուն է, կաշխատեմ պատասխանել կարճ:

«Ուրարտու» հայ-նիդերլանդական կազմակերպությունը ստեղծվել է 2012 թվականին և գործում է արդեն շուրջ երեք տարի: Կազմակերպությունը հիմնականում զբաղվում է կրթական հարցերով, կազմակերպում է միջոցառումներ՝ նվիրված հիշարժան թվերին, տարելիցներին և տոներին:

Կրթական համակարգը հիմնականում բաղկացած է երկու մասերից՝ բարեգործ Կարեն Սարիբեկյանի անվան մեկօրյա հայկական դպրոցն է և մեծահասակների հայ-հոլանդական դպրոցը, որտեղ հայերենի բազայի վրա սովորեցնում են հոլանդերեն:

Այս դպրոցներն էլ ունեն իրենց խմբերը. բարեգործ Կարեն Սարիբեկյանի անվան դպրոցում գործում է երկու խումբ՝ այբբենարանի խումբ և մայրենի դասընթացի ուսուցման խումբ: Մեծահասակների հայ-հոլանդական դպրոցը, որտեղ հայերենի բազայի վրա սովորում են հոլանդերեն, նույնպես բաղկացած է երկու խմբերից՝ մեծահասակ-տարեցների, ովքեր ցանկանում են գրագետ ձևով խոսել և գրել հոլանդերեն, դրանով նրանք հնարավորություն են ստանում ավելի ազատ և անկաշկանդ շփվել իրենց շրջապատող հասարակության հետ: Եվ երիտասարդների խումբ, որտեղ նույնպես հայերենի բազայի վրա սովորում են հոլանդերեն: Սակայն այս խմբում սովորողների հիմնական նպատակն է՝ քաղաքացիություն ստանալու քննություններին և պետական քննություններին նախապատրաստվելը:

Բարեգործ Կարեն Սարիբեկյանի անվան մեկօրյա հայկական դպրոցը մյուս տարի կտոնի իր տասամյա տարելիցը: Իսկ մեծահասակների դպրոցն այս տարի սկսեց իր վեցերորդ ուսումնական տարին:

– Պարո´ն Էլբակյան, «Նիդերլանդական օրագիր»-ը հաճախ է անդրադարձել Ձեր հաջողություններին և ձեռքբերումներին: Դուք 2013 թվականին արժանացել եք և համարվում եք այդ թվականի Նիդերլանդների Թագավորության լավագույն «Ուսման վարպետ» տիտղոսակիրներից մեկը: Ինչպիսի՞ տպավորություններ ունեցաք:

– Առավելապես այն, որ սփյուռքում գտնվելու տարիներին առաջինը հոլանդական հասարակության կողմից նկատվեց և գնահատվեց այն գործընթացը, որով զբաղվում էի ես: Այն տեղի ունեցավ պարգևի հանձելու արարողությամբ և կազմակերպված էր հիմնականում Նիդերլանդների կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովի և Եվրոմիության կրթագիտական հարցերով զբաղվող հանձնաժողովի կողմից: Ինձ համար անակնկալ էր, որովհետև հանձնաժողովը, որն ընտրում էր հաղթողներին, խիստ մոտեցումներ էր ցույց տվել և բազմաթիվ ներկայացվածներից միայն հինգը դարձան և արժանացան տարվա լավագույն «Ուսման վարպետի» կոչմանը:

–Իհարկե, դա մեզ համար մեծ պատիվ էր և «Նիդերլանդական օրագիր»-ը տարվա լավագույն իրադարձությունների շարքում նշեց այդ:

-Դրա համար էլ եմ Ձեզանից շնորհակալ, ես կարդացել եմ այդ մասին: Ձեր հոդվածից հետո այդ մասին անդրադարձել էին նաև Հայաստանի որոշ թերթեր:

– Լավագույն ուսման վարպետների հետ, կարծեմ, հանդիպում էր կազմակերպել Նիդերլանդների թագավորը, ո՞վ է զրուցել է Ձեզ հետ: Հետաքրքիր են մանրամասները:

– Այդ հանդիպման արարողությունը կազմակերպվել էր բնակարանային կորպորացիաների կողմից, որոնք նշում էին իրենց 100-ամյա հոբելյանը: Իմ բնակարանային կորպորացիան երկու բնակչի էր հրավիրել մասնակցելու այդ հոբելյանին, որոնցից մեկը ես էի: Եվ պատիվ ունեցա մի քանի հոգու հետ միասին հանդիպել Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի հետ: Զրույցին անդրադարձել են նաև հոլանդացի թղթակիցները: Համաձայն թագավորի հետ հանդիպումների արձանագրության՝ հանդիպման ոչ բոլոր մանրամասնություններն է թույլատրվում տարածման արժանացնել: Սակայն այդտեղ չկար ոչ մի գաղտնիք: Այդ մասին ես արդեն պատմել եմ Ձեզ: Ես հպարտ եմ, որ արքան մտահոգված է իր բնակիչների հոգսերով: Զրույցի ընթացքում նշեցի նաև իմ գործունեության և հայ լինելու մասին:

– Պարո´ն Էլբակյան, քիչ առաջ մենք միասին գտնվում էինք ՀՀ դեսպանության կողմից հրավիրված ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի հետ կազմակերպված հանդիպմանը: Մի քանի մանկավարժներ, այդ թվում նաև Դուք, պարգևատրվեցիք Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով, որին պատկերված է Հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը: «Նիդերլանդական օրագիր»-ն այդ կապակցությամբ ջերմորեն շնորհավորում է նաև Ձեզ և մյուսներին, ովքեր արժանացել են նման պատվի: Ի՞նչ զգացողություն ունեք:

– Շնորհակալություն շնորհավորանքի համար: Ես շնորհավորել և նորից եմ շնորհավորում մյուս մեդալակիրներին: Գիտեք, սա մեծ պատիվ է: Մեծ պատիվ, որովհետև տարիներ շարունակ բնակվելով սփյուռքում՝ կարողացել ես ոչ միայն անաղարտ պահել մայրենի լեզուն, այլ նաև փոխանցել մատաղ սերնդին՝ զուգահեռ զբաղվելով նաև հայեցի դաստիարակության հարցերով: Եվ այդ գործընթացը գնահատվել է Մայր հայրենիքի կողմից: Ես բարձր եմ գնահատում այս մեդալին արժանանալը: Դա ՀՀ կառավարության, Նիդերլանդներում ՀՀ դեսպանության և առավելապես Սփյուռքի նախարարության ուշադրությունն է: Եվ գնահատանքի է արժանի այն, որ ուշադրության կենտրոնում է պահվում սփյուռքում ապրող հայրենակիցների գործունեությունը, ինչի համար էլ ես իմ շնորհակալական խոսքն եմ հղել ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հակոբյանին:

– Հիմա մի պրովոկացիան հարց: Դուք արժանացել եք Նիդերլանդների լավագույն «Ուսման վարպետ» կոչմանը և Հայաստանի կողմից «Մայրենիի դեսպան» մեդալին: Ո՞րն եք ավել թանկ գնահատում:

– Գիտեք, երկուսն էլ անհամեմատելի են: Երկուսն էլ թանկ են: Երբ Մայր հայրենիքն է գնահատական տալիս, այն արթնացնում է մի այլ զգացում, իսկ Եվրամիության մեջ եվրոպական կրթական համակարգերի կողմից կոչման արժանանալն այլ որակավորման գնահատական է: Իսկ մեր ազգի սուրբ Մեսրոպ Մաշտոցի նկարով և նրա կողմից ստեղծված տառերով զարդարված «Մայրենիի դեսպան» մեդալը, որն ես անձամբ ստացել են նախարարից, կրում եմ իմ սրտի մոտ:

-Շնորհակալություն, պարո´ն Էլբակյան: Ցանկանում ենք Ձեզ նորանոր հաջողություններ ի փառս մեր Հայաստանի Հանրապետության:

– Շնորհակալություն Ձեզանից և «Նիդերլանդական օրագիր» կազմակերպության բոլոր անդամներից՝ ուշադրության և աջակցության համար: Ամեն մի փոքր հաջողությունն անգամ մեր ժողովրդին տեղյակ պահելու համար:

Նիդեռլանդ

Scroll Up