Արմեն Մարուքյանն առաջարկում է միջազգային դատարանում Ցեղասպանության հարցը քննարկելու 5 ուղղություն

Հայոց ցեղասպանության հարցն իրավական հարթություն տեղափոխելն ամենաճիշտ որոշումն է, քանի որ ճանաչման գործընթաց վարելու դեպքում Ցեղասպանությունը ճանաչած պետությունների թիվն ավելանում է, սակայն դա որևէ կերպ չի ազդում Թուրքիայի վրա, և այդ երկիրը ոչ միայն կատարված հանցագործության համար պատասխանատվություն չի ստանձնում, այլև չի քննարկում փոխհատուցման հարցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի և հայոց ցեղասպանության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը շեշտել է, որ միակ ուղին Թուրքիային հարկադրանքի ենթարկելն է,  իսկ հարկադրանքի լավագույն տարբերակը միջազգային դատական ատյանում դատական գործընթաց սկսելն է, որպեսզի թուրքական իշխանությունը, միջազգային իրավունքի ճնշման ներքո քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ: 

«Այս ուղղությամբ անհրաժեշտ է հստակեցնել և ճշգրտել, թե որն է մեր պահանջելիքը, և ինչի հիման վրա ենք պահանջում հատուցում: Հինգ ուղղությամբ պետք է ներկայացնել հայկական կողմի պահանջները՝ հայրենազրկում, մարդկային կորուստներ, նյութական կորուստներ, մշակութային ասպեկտ ևհոգեբանական հետևանքների հաղթահարում: Միաժամանակ, պետք է հասկանանք, որ միջազգային իրավունքը «առաձգական» է, և միջազգային իրավունքի նորմերը աղավաղում են ուժեղ պետություններն ու յուրաքանչյուրը դրանք հարմարեցնում է իրեն: Հայ ժողովրդի համազգային իրավունքների վերականգնման ուղղությամբ յուրաքանչյուր գործողություն պետք է քաղաքական գործընթացով ապահովագրված լինի: Հակառակ դեպքում` լրջորեն կվնասենք իրավական գործընթացին: Եթե միջազգային դատարանը, օրինակ, ՄԱԿ-ի միջազգային դատարանը, կայացրեց որոշում, որ չի բավարարում Հայաստանի հայցը, նշանակում է, որ մենք երկրորդ անգամ այդ հայցով չենք կարողանա մտնել դատարան: Մենք պետք է հասկանանք ռիսկերը»,- շեշտել է Արմեն Մարուքյանը:

Պատմաբանի գնահատմամբ` լավագույն տարբերակը նախքան իրավական գործընթացներին անցնելը քաղաքական ապահովագրումն է: «Համաշխարհային քաղաքականության ազդեցիկ դերակատարների հետ լուրջ աշխատանք ունենք կատարելու: Եթե այդ ուժային կենտրոններում մեր լոբբիստական կառույցների և դիվանագիտական ներկայացուցիչների հետ ստեղծենք մթնոլորտ, որ չեզոք վերաբերվեն այդ իրավական գործընթացներին և ճնշումներ չգրանցեն դատական ատյանների վրա, ապա հաջողությունը կլինի»,- համարում է Մարուքյանը: Նա շեշտում է, որ ներկա աշխարհաքաղաքական զարգացումները կարող են նպաստավոր լինել այդ գործողությունների համար:

«Այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո բավական նպաստավոր պայմաններ կան: Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի հետ բավական լարված են և այդ հարաբերությունների սրությունն օգտագործել է պետք: Այս առումով մեծ ռեսուրս եմ տեսնում լոբբիստական կառույցների և դեսպանատների աշխատանք համար»,- ընդգծել է Մարուքյանը` հավելելով, որ պետք է օգտվել իրավիճակից և նպաստավոր քայլեր մշակել:

Scroll Up