Գերմանացի գիտնականը Վատիկանի արխիվների հիման վրա Ցեղասպանության մասին գիրք է հրատարակել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/10/default-300x225.jpg)
Գերմանացի գիտնական եւ պատմաբան Մայքլ Հասեմանը «Հայոց ցեղասպանություն» վերտառությամբ գիրք է հրապարակել, որի հիմքում ընկած են իր հայտնաբերած՝ Վատիկանի գաղտնի փաստաթղթերը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է գրքի հեղինակ Մայքլ Հասեմանը։
5 տարի շարունակ պատմաբանը ուսումնասիրել է Վատիկանի արխիվները եւ գտել Հայց ցեղասպանության մասին չհրապարակված 3000 էջ փաստաթուղթ, որոնք հնարավորություն են տալիս նորովի նայել կատարվածին։ Անցյալում գիտնականների ձեռքում եղել են փաստաթղթեր Գերմանիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Ավստրիայից եւ այլ երկրներից, իսկ Վատիկանի արխիվները փակ էին, թեպետ Վատիկանը շատ ականատեսներ եւ շատ կարեւոր տվյալներ ուներ։
Մասնավորապես արխիվների ուսումնասիրությունից հետո պարզ է դարձել, որ Հռոմի Պապ Բենեդիկտոս 15-րդը սուլթանին 2 ձեռագիր նամակ էր գրել, որոնցում խնդրել է դադարեցնել հայերի ջարդերը, սակայն ոչնչի չէր հասել։ Դրանից հետո նա աշխարհին կոչ էր արել ուշադրություն դարձնել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածին, բայց աշխարհը չէր լսել նրան։
Գերմանիայում գիրքը լույս էր տեսել ապրիլին, եւ հեղինակը հույս ունի, որ մոտ ապագայում այն կթարգմանվի հայերեն ու կհրատարակվի Հայաստանում։
Պատմաբանը նաեւ նշել է, որ կփորձի այնպես անել, որպեսզի Հայաստանի ԳԱԱ-ն նույնպես ստանա Վատիկանի արխիվային փաստաթղթերը կամ գոնե դրանցից ամենակարեւորները։
Նրա կարծիքով՝ Վատիկանն արդեն այսօր կարեւոր դեր է խաղում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում. ապրիլին Հռոմի Պապը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը հրապարակայնորեն ցեղասպանություն որակեց, ինչը հանգեցրեց եւս 3 երկրների կողմից Ցեղասպանության ճանաչմանը։