Ինչպե՞ս է ընտրվում «Մյուռոնի քավորը»

Սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Մյուռոնօրհնության  Սրբազան արարողությունը: Արարողության ժամանակ իր դերակատարումն է ունենում նաև Մյուռոնօրհնության կնքահայրը` «Մյուռոնի քավորը»:

Թե ինչպես է ընտրվում «Մյուռոնի քավորը» և ո՞րն է նրա առաքելությունը, «Հայերն այսօրի» լրագրող Գևորգ Չիչյանի խնդրանքով տեղեկացնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:

Սրբազան  ավանդության համաձայն, երբ Սբ. Գրիգոր Լուսավորիչը Սրբալույս Մյուռոնի օրհնություն կատարեց, Մյուռոնի կնքահայրության պատիվը շնորհեց հայոց Տրդատ արքային, ով ստանձնեց հայության համար պատրաստված հրաշազարդ յուղի պաշտպանությունն ու հովանավորությունը:

Հայ Եկեղեցու  որոշ արարողակարգեր, ինչպիսին Ջրօրհնեքն է կամ Մյուռոնօրհնեքը, ունեն իրենց «Կնքահայրերը»: Ջրօրհնեքի կնքահորն անվանում են «Խաչի քավոր», իսկ Մյուռոնօրհնության կնքահորը`«Մյուռոնի քավոր»: Վերջին շրջանում այս երկու արարողությունների կնքահայրերը եկեղեցանվեր աշխարհականներ են` ի նշան հավատացյալ  ժողովրդի աղոթքների: Կնքահայրը ունի իր կարեւոր դերակատարությունը Մյուռոնօրհնության ընթացքում: Մյուռոնօրհնության թափորի մեջ` Հայրապետի անմիջապես առջևում, ծիսական մետաքսե շապիկով, քայլում է կնքահայրը, ով սովորաբար բարձրանալով Բեմ, օգնում է բացել Կաթսան:

Հայ Առաքելական Եկեղեցում Սրբալույս Մյուռոնի օրհնությունը սովորաբար տեղի է ունենում 7 տարին մեկ: Մյուռոնօրհնությունը կատարում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իսկ Մյուռոնի Կնքահայրը ներկայացնում է համայն հայությունը: Ջրօրհնեքի արարողությունը, ի տարբերություն Մյուռոնօրհնեքի, տեղի է ունենում հայկական բոլոր եկեղեցիներում, և յուրաքանչյուրն Եկեղեցի ունի Խաչի իր քավորը: Խաչքավոր ընտրվում են եկեղեցական համայնքի ամենատարբեր խավի մարդիկ, ովքեր տարվա ընթացքում իրենց մասնավոր զորակցությունն են բերում տվյալ եկեղեցու առաքելությանը, աջակցում են հոգեւոր հովվին` կյանքի կոչելու նրա կողմից նախաձեռնած եկեղեցաշեն ծրագրերը:

Մյուռոնի քավորն ընտրվում է` հաշվի առնելով ազգային-եկեղեցական  կյանքում նրա ունեցած ավանդը: Քավորությունը նաև Եկեղեցու գնահատանքն է ազգային և եկեղեցական կյանքում տվյալ անձի ունեցած կարևոր ավանդի և վաստակի:

2015 թվականի Մյուռոնի քավոր է ընտրվել Մայր Աթոռի բարերար կանադահայ Հայկ Տիտիզյանը:

Ի դեպ, 2015 թվականին նախորդող երկու Մյուռոնօրհնեքի քավոր են եղել արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանը (2001թ.) և ամերիկահայ բարերար Սարգիս Բեդևյանը (2008թ.):

Scroll Up