Ինձ համար նույնիսկ պատիվ է Ադրբեջանի «սև ցուցակ»-ում հայտնվելը. Վալանսի քաղաքապետ

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ֆրանսիական օրերն Արցախում» փառատոնի ծրագրի շրջանակներում Արցախ ժամանած Ֆրանսիայի Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը:

Խոսելով իրենց տպավորությունների մասին՝ Նիկոլա Դարագոնը նշել է, որ Արցախը պատմական հրաշալի մի վայր է, որն ունի շատ խորը արմատներ: Արցախն ու արցախցին միշտ ցույց են տվել իրենց պայքարելու կամքը, տոկունությունն ու նպատակասլացությունը: «Վերադառնալով Ֆրանսիա՝ Արցախից ստացած մեր մեծ տպավորությունների մասին կպատմենք Ֆրանսիայի հանրությանը»,-ասել է Նիկոլա Դարագոնը:

Վալանսի քաղաքապետը հատուկ ընդգծել է Արցախի ժողովրդավարական երկիր լինելը, որտեղ ընտրություններն ընթանում են բարձր մակարդակով՝ ազատ ու թափանցիկ: Խոսելով Ֆրանսիա-Արցախ համագործակցության մասին՝ նա նշել է նաև, որ կան մի շարք ծրագրեր, որոնք համատեղ կիրականացնենք՝ դրանք են մշակույթը, բժշկությունը, տնտեսությունը:

Վերջինիս արդյունքում էլ կաշխուժանա ու կզարգանա զբոսաշրջությունը: Անդրադառնալով իրեն՝ Ադրբեջանի «սև ցուցակ»-ում մտցնելու փաստին՝ Նիկոլա Դարագոնը նշել է. «Ես ամենևին էլ չեմ վախենում «սև ցուցակ»-ներից. ինձ համար նույնիսկ պատիվ է Ադրբեջանի «սև ցուցակ»-ում հայտնվելը»:

Scroll Up