Հրանուշ Հակոբյան.«Մուսալեռ ասելով`հասկանում ենք հաղթանա՛կ, հպարտությու՛ն և հայի կա՛մք»
Սեպտեմբերի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Մուսալեռի հուշահամալիրում մասնակցեց պատարագի և հարիսայի օրհնության արարողությանը:
Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, այլ պաշտոնյաներ, բազմաթիվ զբոսաշրջիկներ, տարբեր գյուղերից և քաղաքներից ժամանած ուխտավորներ և այլք:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների կողմից` հայոց անմեղ նահատակների հոգիների հանգստության համար մատուցվեց պատարագ, ապա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքն ընթերցեց Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր տոն է հայոց աշխարհում. տարբեր երկրներից Հայաստան են ժամանել Մուսա լեռան հերոսների շառավիղները: Սիրով և ջերմությամբ բոլորիս շնորհավորում եմ Մուսալեռան 100-ամյա փառավոր հաղթանակի առիթով: Հարյուր տարի առաջ թուրքն աշխարհի երեսից որոշել էր ջնջել հայ ժողովրդին՝ թողնելով միայն մե՛ կ հայ, այն էլ` թանգարանում: Սակայն, իրականություն չդարձավ նրա «երազանքը», որովհետև հայի անպարտ ոգին ըմբոստացավ, և մուսալեռցիները կարողացան հաղթանակել: Այսօր Մուսա լեռ ասելով` հասկանում ենք հաղթանակ, հպարտություն և հայի կամք: Շնորհակա՛ լ ենք Ձեզ, սիրելի՛ մուսալեռցիներ, որ պահպանում եք մեր պապերի թողած բոլոր ավանդույթները: Խորին շնորհակալությունս եմ հայտնում հատկապես այնճարցիներին, որոնք մի յուրօրինակ, փոքրիկ Հայաստան են ստեղծել Լիբանանում: Եվ կարողացել են Մուսա լեռի ոգին և շունչը ո՛ չ միայն պահպանել, այլև սերունդներին փոխանցել»:
Իր խոսքում Հրանուշ Հակոբյանն ողջունեց նաև Եվրոպայի, Ամերիկայի տարբեր քաղաքներում և, հատկապես, Թուրքիայի Վագըֆ գյուղում հաստատված մուսալեռցիներին, ովքեր, հաղթահարելով դժվարությունները, եկել են Հայաստան:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ նաև Հայաստանի Անկախության տոնին. «1991 թվականին իրականություն դարձավ մեր պապերի ցանկությունն ու երազանքը: Նրանց կամքին ու ոգուն համաձայն` վաղը` սեպտեմբերի 21-ին, միասնաբար նշելու ենք Ազատ, Անկախ Հայաստանի Հանրապետության տոնը, ինչ համար շնորհավորում եմ բոլորիդ: Ի հեճուկս թուրքի` ստեղծեցինք նաև Ազատ ու Անկախ Արցախի Հանրապետություն: Եվ այսօր մենք ունենք երկու անկախ Հանրապետություն: Հիշե՛ք, Հայաստանը համայն հայության Հայրենիքն է, Հայաստանը բոլորի՛նս է: Մենք ողբի ու որբի Հայրենիքից այսօր կառուցում ենք` ազա՛տ, անկախ, հզո՛ր Հայաստան: Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ հայ ժողովուրդը»:
Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմնի նախագահ Եսայի Հավաթյանը, դիմելով ներկաներին, ասաց. «Հայրենակիցնե՛ր, մենք թուրքին հաղթած ժողովուրդ ենք: Այս տոնակատարությունը հաղթանակի տոնակատարություն է. միշտ և ամենուր պետք է հպարտ լինենք հա՛ յ և մուսալեռցի՛ լինելու համար: Հայը հաղթանած ազգ է ա՛ յժմ, ընդմի՛ շտ և հավիտյա՛ ն»:
Այնճարցի Լևոն Թաշճյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, թե ինչպես են 66 ուխտավորներով քայլերթ կատարել դեպի Մուսալեռի հուշահամալիր. «Առավոտ կանուխ սկսեցինք քայլարշավը և տեղ հասանք ճիշտ կեսօրին: Քայլարշավին մասնակցում էին երիտասարդներ և տարեցներ: Երգ ու պարով, բարձր տրամադրությամբ ենք հաղթահարել ճանապարհը, քանի որ գիտակցում էինք` սա յուրօրինակ ուխտագնացություն է: Այս քայլարշավով ցանկացանք ցույց տալ, որ մենք հաղթել ենք թուրքին»:
Մուսալեռցի գործիչներ Եսայի Հավաթյանը, Պերճ Ղազարյանը, Հակոբ Ջամբազյանը, Ժորժ Կևորկյանը Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակի առթիվ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման, ինչպես նաև թանգարանային համագործակցության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի «Երվանդ Լալայան» հուշամեդալով և արժանացան «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրման պայքարի պատմության ազգային թանգարանի բարեկամ» տիտղոսին՝ համապատասխան կրծքանշանով:
Իսկ «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի պատասխանատու Գաբրիել Փանոսյանը պարգևատրվեց շնորհակալագրով` թանգարանային համագործակցության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար:
Ուխտավորներին իր ազգային կատարումներով ողջունեց Արսեն Գրիգորյանը (Մրոն): Ելույթ ունեցան նաև մի շարք պարային խմբեր և անհատ կատարողներ:
Հանդիսության վերջում տեղի ունեցավ հարիսայի օրհնության կարգ, որից հետո այն բաժանվեց ուխտավորներին: