ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է քննադատի Ադրբեջանի կողմից Ջուղայի խաչքարերի կազմակերպված ավերումը. The Guardian
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/01130.jpg)
Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) պետք է քննադատի 2005 թվականին Ադրբեջանի կառավարության կողմից Ջուղայի հայկական խաչքարերի կազմակերպված ավերումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` The Guardian-ում հրապարակված իր հոդվածում գրում է ամերիկաբնակ քաղաքագետ, իրավագետ Սիմոն Մաղաքյանը: «Մշակութային ժառանգության միտումնավոր ոնչնացումը պետք է տարածվի նաև ՅՈՒՆԵՍԿՕի նվիրատուների վրա», նշում է Մաղաքյանը:
Հոդվածագիրը նկատում է, որ Պալմիրայի մշակութային կոթողների ոչնչացումը ցնցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, այնինչ այդ կառույցը լռություն է պահպանել Ադրբեջանի կողմից հայկական միջնադարյան 2000 խաչքարերի ոչնչացման ժամանակ: Ադրբեջանի կառավարությունը ժխտում է հայկական և քրիստոնեական մշակութային ժառանգություն հանդիսացող խաչքարերի բնաջնջումը` չնայած այդ փաստը վկայող տեսանյութերի, որ արվել էին իրանական սահմանից:
Ադրբեջանը մերժել է նաև հետաքննություն վարելու պահանջները: Սակայն Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի կողմից արված ուսումնասիրության ընթացքում հայկական խաչքարերի զանգվածային ավերումից առաջ և հետո արված արբանյակային լուսանկարները ցույց տվեցին, որ խաչքարերն անհետացել են 2005 թվականից հետո:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն շարունակում է լուռ մնալ խնդրի վերաբերյալ: Ավելին, կազմակերպությունը շարունակում է համագործակցել Ադրբեջանի կառավարությունների հետ. 2013 թվականին այն 5 մլն ԱՄՆ դոլարի նվիրվատվություն է ստացել Ադրբեջանից: