Լիբանանում իրավիճակը հարաբերականերոն հանգիստ է, սակայն լարվածությունը պահպանվում է. Շահան Գանտահարյան

Լիբանանում այժմ իրավիճակը հանգիստ է, բախումներ չկան, սակայն լարված իրավիճակը երկրում պահպանվում է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը` ավելացնելով, որ աղբահանության հետ կապված հարցի վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել:
«Առջևում երկու կարևոր օրեր են. հինգշաբթի կառավարության նիստն է, որը կարող է վճռական լինել, իսկ շաբաթ օրը ցույց է նախատեսված», նշեց Գանտահարյանը: Նրա խոսքով` Լիբանանի վարչապետ Թամամ Սալամը կիսասպառնալիքով շեշտել է հինգշաբթի օրվա կառավարության նիստը վերջինը լինելու փաստը և կառավարության անդամների քաղաքական կամք ցուցաբերելու անհրաժեշտությունը:
«Այստեղ, անշուշտ, կան պատասխաններ չունեցող հարցադրումներ: Սահմանադրական անորոշությունը` նախագահի բացակայությունը, մշուշապատում է պատկերացումը, թե գործող վարչապետի հրաժարման պարագայում, որո՞նք կլինեն իրավական ընթացակարգի հետագա քայլերը»,ասաց նա: Գանտահարյանը նաև նշեց, որ նախօրեին Բեյրությում բախումների հետևանքով զոհի վերաբերյալ լուրը հերքվել է: Ինչ վերաբերում է աղբահանության խնդրին, Գանտահարյանը նշեց, որ աղբահանման լայնածավալ գործողությունը անհետաձգելի քայլ է:
«Պահանջները արդար են, և եթե մի կողմից իրավապահ մարմինների անհամաչափ ուժի կիրառումը անընդունելի է, մյուս կողմից նաև դատապարտելի են ցուցարարների խռովարարական քայլերը: Երևույթներ կան, որոնք հստակ համոզում են սադրիչ տարրերի գոյության մասին այդ ցույցերի ընթացքում: Կառավարությունից ակնկալվում է ջանքեր գործադրել կենցաղային աղբից երկիրը փրկելու համար: Բնապահպանական այս ճգնաժամի հաղթահարումը պետք է առիթ հանդիսանա նաև քաղաքական չլուծված և առկախ մնացած հիմնախնդիրները լուծելու համար: Ինչպես որ շարժումը քաղաքացիականից անցավ քաղաքականի, այնպես էլ լուծումները կենցաղայինից պետք է անպայման հասնեն քաղաքական հիմնական օրախնդիրներին, որի համար արտալիբանանյան կենտրոնների շահարկումները թե՛ ցույցերի, և թե՛ կառավարության որոշումներին անհրաժեշտ է, որպեսզի բացառվեն»:
Աղբահանության խնդրի լուծման վերաբերյալ բողոքի ցույցը Լիբանանում սկսվել է օգոստոսի 22-ին Ռիյադ Սոլհ հրապարակից: Ակցիայի մեկնարկից կարճ ժամանակ անց բախումներ են սկսվել ցուցարարների ու անվտանգության ուժերի միջև, որոնց հետևանքով մոտ 50 մարդ է վիրավորվել: Ցուցարարները պահանջել են կառավարության և վարչապետ Թամմամ Սալամի հրաժարականը: