Ամերիկացի արվեստագետը Ստամբուլի բիենալեին Հայոց ցեղասպանությանը նվիրված նախագիծ կներկայացնի

Ամերիկացի արվեստագետ Մայքլ Ռակովիչը Ստամբուլի 14-րդ բիենալեին կներկայացնի մի նախագիծ, որն անդրադառնում է 1915-ին Հայոց ցեղասպանության թեմային արհեստի և ճարտարապետության ավանդույթների համատեքստում, հայտնում է «Արմենպրեսը»

artforum.com կայքի փոխանցմամբ` ցուցադրությունը կբացվի Գալաթա հունական դպրոցում սեպտեմբերի 5-ին և կտևի մինչ նոյեմբերի 1-ը: Ցուցադրությունը կրելու է «Մարմինները ձերն են, ոսկորները` մերը» անվանումը: Աշխատանքի համար հիմք է հանդիսացել 70-ամյա թուրք Քեմալ Ջիմբիզի պատմությունը, ով երբ փոքրիկ տղա էր, աշակերտել է արհեստավոր հայի` Կարապետ Սեզայիրլյանի մոտ:

Վերջինս Ստամբուլում հայտնի էր իր գիպսե զարդաքանդակներով, պատի եզրազարդերով: Հազվադեպ էր պատահում, որ թուրքին տալիս էին հայ վարպետի մոտ ուսումի, սակայն Քեմալն այդ քիչ հաջողակներից էր: Կայքը գրում է, որ Օսմանյան կայսրությունում հայերը արհեստի ու արվեստի ներկայացուցչական դասն էին: Ձեռքի աշխատանքը, որ իր մեջ ներառում էր ճարտարապետությունն ու շինարարությունը, համարվում էր փոքրամասնությունների աշխատանքը:

Այդ եզրազարդերի յուրահատկությունը, ըստ արվեստագետի, կայանում է նրանում, որ դրանցում հայկական ձեռքերի ու մատների հետքերն են, որոնք լուռ վկայությունն են Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին իրագործած մեծ ոճրագործության` Հայոց ցեղասպանության և դրանից հետո եղած բռնաճնշումների ու ջարդերի:

Աշխատանքը հայ վարպետի մասին չէ, այլ արհեստը վարպետից աշակերտին փոխանցելու մասին: Մյուս կողմից` ցուցադրության առանցքում է թուրք վարպետի և հունական Գալաթա դպրոցի կապը:

Scroll Up