ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Այնճարի (Լիբանան) քաղաքապետ Կարո Փամպուկյանին

Օգոստոսի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիբանանի  Այնճար հայաբնակ ավանի քաղաքապետ Կարո Փամպուկյանին՝ ուղեկցությամբ հայաստանաբնակ մուսալեռցի Գաբրիել Փանոսյանի:

 Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը հատուկ հպարտությամբ ընդգծեց, որ Այնճարը բացառիկ հայաշունչ և հայաբույր վայր է, որը պահպանել է իր հերոսական մուսալեռցի նախնիների հզոր ու կամային ոգին, հայորեն ապրելու և արարելու կենսակերպը:  Նախարարը ընդգծեց, որ Այնճարը հայության հավաքական միասնականության փայլուն օրինակ է և հաստատում է, որ հայն անպարտելի է, եթե գործում է միակամ ու միասնական:

 Կարո Փամպուկյանն իր և բոլոր այնճարցիների անունից խոր երախտագիտություն հայտնեց  Հրանուշ Հակոբյանին՝  իրենց հուզող հարցերի հանդեպ սրտացավ, գործուն, անմիջական վերաբերմունքի, ինչպես նաև գնահատանքի և քաջալերանքի ջերմ խոսքերի համար: Նա նախարարին տեղեկացրեց, որ Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներն արդեն իսկ սկսվել են Այնճարի պատմական բերդից և կշարունակվեն ինչպես Այնճարում, այնպես էլ Հայաստանում և աշխարհի բոլոր այն վայրերում, որտեղ ապրում են մուսալեռցիներ: Նա տեղեկացրեց նաև, որ այս նշանակալի առիթով կկազմակերպվեն ցուցահանդեսներ, գրքերի և ֆիլմերի շնորհանդեսներ, մեծարանքի ու հիշատակի երեկոներ, գիտաժողովներ, քայլարշավներ, ժողովրդական մեծ տոնախմբություններ:

 Երկուստեք կարևորվեց այն իրողությունը, որ Մուսա լեռան հորոսամարտը հայ ժողովրդի պատմության ամենահերոսական դրվագներից է և նրա 100-ամյակի պատշաճ նշումը կարևոր նշանակություն կունենա հայության միասնականության և տոկունության ամրապնդման, ազգային ոգու բարձրացման և ապագայի տեսլականին հասնելու հավատքի ամրապնդման առումով:

 Քննարկվեցին տոնակատարությունների հետ կապված կազմակերպչական մի շարք հարցեր:

 lll

Scroll Up