«Հայաստանն ինձ համար տարանցիկ երկիր չէ. կա ցանկություն՝ ապրել և աշխատել հայրենիքում»
Վրույր Բիլեմջիանն արդեն երեք տարի է, ինչ ընտանիքով Սիրիայից տեղափոխվել է Հայաստան: Բժշկական համալսարանի դեղագործական ֆակուլտետի ուսանող է, ինչպես նաև ՄԱԿ ՓԳՀ Հայաստանի ակտիվ կամավորներից: Ասում է, որ 2012-ի օգոստոսին որոշել են այստեղ գալ ընտանիքով, երկու շաբաթ մնալ ու հետ վերադառնալ: Սակայն… երկու շաբաթը երկու ամիս դարձավ, հետո՝ երկու տարի… ու մնացին…
– Երբ գալիս էինք, Հալեպում սկսվել էին արդեն կրակոցները, բայց ոչ կենտրոնում: Սակայն հետո արդեն քաղաքում ևս բախումներ սկսվեցին: Պապան իր բիզնեսը կորցրեց, գործարան ուներ, նույնիսկ հիմա չգիտենք, թե ինչ վիճակում է: Տունը, խանութը դեռ մնացել է: Հայկական թաղամասերի մեջ է ու դեռ մի քիչ ապահով է:
Վրույրը պատմում է, որ ՄԱԿ ՓԳՀ գրասենյակում կամավորական աշխատանքը օգնել է նրան շատ ընկերներ ձեռք բերել և ինտեգրվել հայ հասարակության մեջ:
– Հայրենիքի մասին մենք ուրիշ պատկերացումներ ունեինք մինչ այստեղ գալը: Օրինակ, որ հայրենիքում ամեն բան լավ է, հայության երկիրն է: Ազգային ոգին այսօր էլ կա իմ մեջ, բայց հանդիպեցինք նաև դժվարությունների, մտածելակերպի տարբերության: Կյանքը տարբեր է, այնտեղ համայնքային է եղել՝ մշակույթի, հայրենի ոգու, լեզվի պահպանման խնդիրներ են դրվել, իսկ այստեղ՝ դու ես քո ճանապարհը գտնում:
Վրույրը մտածում է նաև արտերկրում ուսումը շարունակելու մասին:
-Մեկ տարի է մնացել, որ ավարտեմ համալսարանը, ուզում եմ Եվրոպական երկրներում շարունակել ուսումս: Եթե կարողանամ հետո այստեղ աշխատանք գտնել կամ իմ փոքրիկ բիզնեսը բացել, ապա միանշանակ կմնամ: Ինձ համար Հայաստանը տարանցիկ երկիր չէ, կա ցանկություն՝ ապրել և աշխատել հայրենիքում:
Վրույրը պատմում է նաև իր քույրիկի մասին, ով իր կարծիքով, իրենից ավելի արագ հարմարվեց նոր միջավայրին:
-Քույրս 15 տարեկան է, հայկական դպրոց է գնում, ինձնից ավելի շատ տեղացի ընկերներ ունի: Եթե հարցնես՝ կուզես գնալ, հաստատ կասի՝ չէ:
Ես էլ սիրեցի Հայաստանը, ավելի բաց երկիր է: Այո, Հալեպում նույնպես ազատ էինք, բայց կարծես օղակի մեջ էինք ապրում, և այդ օղակից դուրս այլ կյանք էր…
Լիլիթ Քոչինյան
womennet.am