Երբ մեր տանը, օրրանին վտանգ է սպառնում, մենք մի բուռ ենք դառնում

Սփյուռքահայ ուսուցիչները ամբողջովին ներգրավված են վերապատրաստման դասընթացների աշխատանքներին: Չկորցնելով անգամ մեկ րոպե ազատ ժամանակ` նրանք խմբվում են եւ քննարկում իրենց խնդիրները, կատարում փորձի փոխանակում, խոստանում կապի մեջ մնալ եւ հարկ եղած դեպքում օգնել միմյանց:

Ակտիվ ուսուցչուհիներից մեկը` Մարինե Աղաջանյանը, սրտացավորեն է խոսում Սփյուռքի ցանկացած խնդրի մասին: Նա այնքան է նվիրվել իր գործին, որ իրենց համայնքի կյանքը դարձել է իր սեփականը, ուրախություններն ու տխրությունները` նույնպես: Գուցե սա գալիս է տիկին Աղաջանյանի ջերմեռանդ շիրակյան արմատներից: Ուսուցչուհին ուկրաինական Օդեասա քաղաքից է: Աշխատում է տեղի հայկական մանկական զարգացման կենտրոնում արդեն երեք տարի: Շատ են երազել, որ կենտրոնը բացվի ու անսպառ ջանքերի շնորհիվ հասել են երազանքի իրագործմանը:

«Հինգ տարի առաջ մշակույթի խումբը հիմնվեց, եւ մեր երազանքն էր նաեւ մանուկների համար խումբ բացել: Այն իրագործեցինք մեզ մոտ գործող հայ կանանց կոմիտեի ղեկավար Աննա Գեւորգյանի հետ` մեր մեջ ունենալով այն գաղափարը, որ դեռ մանկուց պիտի կոփել, կրթել ու դաստիարակել, քանի որ երեխաները այդ տարիքում սպունգի նման ամեն ինչ յուրացնում են, եւ հենց այս տարիքում պիտի սերմանել հայկականը»,- նշում է Մարինե Աղաջանյանը:

Նա հենց մանուկների հետ աշխատելով էլ նրանց պատրաստում է կիրակնօրյա դպրոցին: Օտար ափերում ապրող մասնագետը տեսնում է ձուլման խնդիրը, հատկապես լեզվի մոռացումը, երբեմն հավատին սպառնող վտանգները: «Այլազան կրոնական աղանդները, ինչու չէ, հենց մուսուլմանական հավատքին պատկնողները շատ հաճախ դավանափոխ են անում երիտասարդներին, տարբեր ձեւերով գրավում նրանց: Իրենց քարոզը ուժեղ է, եւ ես կոնկրետ օրինակներ գիտեմ, որ իրոք շեղել են մարդկանց ճիշտ ուղուց«,- պատմում է Մարինե Աղաջանյանը` հավելով, որ իրենք այս ուղղությամբ աշխատում են, կիրակնօրյա դպրոցում դասավանդում հայ եկեղեցու պատմություն առարկան, բայց աշակերտների կողմից պետք եղած լրջությունը կարծես չկա: Ըստ ուսուցչուհու` հավատքը լեզվի նման պիտի ուսուցանվի: Դարձյալ գալիս ու հանգում ենք ընտանիքներին: Մեկ անգամ չէ, որ նշել ենք, թե ընտանիքում պիտի ծնողները շատ աշխատեն, բայց նաեւ արձանագրել ենք, որ հաճախ հենց ծնողներն են երեխաներին հեռացնում մայրենիից: Տիկին Աղաջանյանը նույնպես այս խնդրին բախվել է, հատկապես նոր հաստատված ընտանիքների դեպքում: Նա գտնում է, որ պետք է բացատրական աշխատանքներ տանել, ինչ էլ անում են իրենք:

Կիրակնօրյա հայկական դպրոցից բացի ունեն երգի, պարի, ասմունքի ու գրական խմբակներ: Նշում են ցանկացած տոն ու իրադարձություն, տարելիցներ ու տարեդարձներ: Հատկապես մեծ շուքով են անցել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: «Ունենք ակտիվ կանանց կոմիտե, որ կոորդինացնում է բոլոր աշխատանքները, նպաստում մեր հայապահպանական ծրագրերին»,-նշում է տիկին Աղաջանյանը:                                                                                                                                                                             Ուկրաինական վերջին դեպքերը ավելի են ամրացրել հայկական համայնքը, դարձրել մի կուռ ընտանիք: Ըստ ուսուցչուհու` սա ազգային գիծ է. երբ մեր տանը, օրրանին է վտանգ սպսռնում, մենք մի բուռ ենք դառնում: Օդեսայի հայկական համայնքը այս ամենի ապացույցն է, որ փորձում է հայրենիքից հեռու, օտար հողում մի փոքրիկ Հայաստան ստեղծել իր մշակույթով, պատմությամբ ու լեզվով: «Բառերով նկարագրել չեմ կարող, դա պիտի տեսնել ու զգալ»,- ասում է տիկին Աղաջանյանը:

Ամալյա Կարապետյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

օդեսա օդեսա1 օդեսա2 օդեսափ

Scroll Up