Արամ Աթեշյանը մեկնում է Անթիլիաս` մասնակցելու մյուռոնօրհնեքի

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շաբաթվա վերջին կայցելի Անթիլիաս՝ մասնակցելու Մեծի Տանն Կիլիկիո Հայոց Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ կատարվելիք մյուռոնօրհնեքի արարողությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականը: Հայկական պարբերականի ենթադրություններով` Արամ Աթեշյանի ուղևորությունը հետաքրքրություն է ներկայացնում այն տեսանկյունից, որ Անթիլիասի և Պոլսո Հայոց պատրիարքարանի միջև այս շրջանում կան որոշակի չբարձրաձայնված տարաձայնություններ:
«Թեպետ երկու կողմն էլ պաշտոնական մակարդակում չի ցանկանում բարձրաձայնել դրանց մասին, սակայն հայտնի է, որ Սիսի կաթողիկոսարանը հետ վերադարձնելու Արամ Առաջինի քայլը Պոլսո Աթոռի կողմից վերապահորեն է ընդունվել: Պոլսո պատրիարքարանի անհանգստությունը մասնավորապես կապված է այն հանգամանքի հետ, որ դատական հայց ներկայացնելուց առաջ Անթիլիասը բացարձակ կապ չի պահպանել իր հետ: Նման իրավիճակում Արամ Առաջինի և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի տեսակցությունը կարող է առիթ դառնալ տվյալ խնդրի արծարծման համար»,-գրում է «Ժամանակը»: