Հանդիպում 100 տարի անց. Նախնիների կանչով
– Կիրակի Հայաստան եմ գնում,- ոգևորված ասաց Տաթևը` անսպսելի մտնելով իմ աշխատասենյակ:
– Բարով գնաս, ես էլ կգնայի՜…, – ու մտքով արդեն հայրենիքում` հարազատներիս հետ էի…
– Իսկ չե՞ս հարցնում` ինչու եմ գնում,-զարմացած հարցրեց Տաթևը:
-Ինչու՞ ես գնում,-հանգիստ հարցնում եմ:
Եվ Տաթևը սկսեց հուզմունքով, արցունքոտ աչքերով, բայց ոգևորված հայտնել քիչ առաջ Երևանից ստացած անակնկալ, երջանիկ լուրն ու նրա հետ կապված հուզառատ պատմությունը. «Հորաքրոջս`Հազոյի տղայի թոռն է Թուրքիայից եկել Հայաստան: Հոլանդահայ գործարար Քրիստիանի աջակցությամբ գտել է տատի շիրիմն ու մեզ` իր հարազատներին:
1915 թվականին հորաքույրս ստիպված է եղել Սասունից առանց իր մինուճար տղայի ու հարազատների հեռանալ: Քրդերն անխնա սպանել էին ողջ գերդաստանը` 114 հոգի, այդ թվում նաև իր ամուսնուն… Իսկ իր 5 տարեկան Արտենին ու ամուսնու եղբոր որբ մնացած 9 տարեկան Տիգրանին քուրդ աղան խլում է հորաքրոջս գրկից` դաժանորեն հարվածելով նրա ձեռքերին…
Հազարավոր գաղթականների պես մեծ դժվարությամբ ու վիշտը սրտում գաղթում է Հազոն, գալիս` Հայաստան: Տարիներ հետո Դավթաշենում ամուսնանում է և ունենում ևս մեկ տղա և ինչ-որ կերպ սփոփվում սահմանից այն կողմ` հայրենի օջախում թողած տղայի համար: Բայց դժբախտ կինն այս տղային էլ է կորցնում. նա զոհվում է Հայրենական մեծ պատերազմում: Ծանր վշտից ու ծով արցունքներից կուրացած միայնակ կնոջը հարազատները տանում են իրենց մոտ` Աշնակ, որտեղ և մահանում է 1964 թ-ին` որդիների կարոտը սրտում…
Իր ապրած ողջ տարիներին Արևմտյան Հայաստանում կորցրած տղային գտնելու բոլոր որոնումներն ապարդյուն էին…
…Եվ հանկարծ, մահից ամիսներ առաջ, ասես հրաշքով, Աստծո ողորմությամբ Հազոն Հայաստան վերադարձած Տիգրանից, ով 20 տարեկան հասակում կարողացել էր Սասունից փախչել Սիրիա, տեղեկանում է իր Արտենի մասին: Իմանում, որ իր որբուկին քուրդ աղան որդեգրել է, հետագայում ամուսնացրել իր աղջիկներից մեկի հետ: Արտենն ունեցել է երեք տղա…
Տիգրանի գլուխն անվերջ համբուրելով ու հեծկլտալով` խեղճ կինը մրմնջում է. «Արտենիս հոտն եմ առնում քեզնից , լաոոո՜ …»:
Իսկ Տիգրանի փոխանցած Արտենի լուսանկարը, ինչպես սրբություն, զոհված որդու լուսանկարի հետ միասին` ամեն օր կույր հորաքույրս սեղմում էր կրծքին, համբուրում, շոյում ու արտասվում…
Խեղճ հորաքույրս մի քանի ամսում մոմի պես հալվեց …
Հարազատներն անմիջապես նամակ են ուղարկում Ռաշիդ դարձած իրենց Արտենին, բայց այդպես էլ պատասխան չեն ստանում:
Այժմ չկան նաև Արտենն ու իր երկու տղաները…
Մահից առաջ Արտենն իր երեք տղաներին պատմում է նամակի և իր հայ լինելու մասին: Պատվիրում, որ տղաներն ամուսնանան թեկուզ հավատափոխ, բայց հայ աղջիկների հետ:
Պարզվում է, որ այդ նամակը նա մասունքի պես պահել է. թեև հայերեն է գրված եղել և չի կարողացել կարդալ…
40 տարի անց այդ նամակն Արտենի թոռներից մեկը` Չեթինը, գտնում է մահացած հոր փաստաթղթերի մեջ: Ստամբուլում տալիս է թարգմանելու, հետո գալիս է Հայաստան` տատիկի շիրիմն ու բարեկամներին գտնելու հույսով:
Աշնակում` Գևորգ Չաուշի թանգարանի մոտ, Հազոյի 33-ամյա ծոռն իր ոտքերի տակ ինչ-որ անբնական ու հաճելի ջերմություն է զգում: Այդ մասին պատմում է ծնունդով սասունցի Քրիստիանին, ով վերջերս է տեղափոխվել Հայաստան: Նրանք դժվարությամբ, հարց ու փորձ անելով` պարզում են, որ թանգարանից քիչ հեռու գտնվող գերեզմանատանն է գտնվում նաև Չեթինի տատիկի` Հազոյի շիրիմը: Երակներում հոսող հայի արյունն ու հոգու կանչը, Քրիստիանի ցուցաբերած աջակցությունն օգնում են գտնելու իր նախնիներին…
Ուրախացած Չեթինը վերադառնում է Սասուն` իր հետ տանելով Հազոյի գերեզմանից մի բուռ հող` լցնելու ողջ կյանքում մայրական գգվանքին ու տեսքին կարոտ մնացած որդու գերեզմանին…
Մարտի 29-ին Երևանում պետք է հանդիպենք ես և գտնված բարեկամս` Չեթինը: Այդ հանդիպմանը մեծ անհամբերությամբ ու հուզմունքով եմ սպասում…
…Ա՜յ այսպես, մեկիկ-մեկիկ հայտնվում են հայի ծիլերը…»,- հաղթական տոնով ասաց Տաթևն ու գնաց` ուրախ լուրը հայտնելու մյուս գործընկերներին, ծանոթներին, հարազատներին, ողջ աշխարհին…
Տաթևի և իր վերագտած բարեկամի`Չեթինի հանդիպումը, անկասկած, կայացավ պայմանավորված օրը: Նրանք Նաիրի Հոխիկյանի «Վրադարձի ժամանակը» ֆիլմի նկարահանող խմբի հետ միասին մեկնեցին Արևմտյան Հայաստան և իրականացրին իրենց նախնիների վաղեմի երազանքը` տեսնելու Հող-Հայրենին:
Ապրիլի 24-ին Չեթինն իր բարեկամների հետ նորից Սասունից գալիս է Հայաստան` մասնակցելու Հայոց ցեղասպանության ողբերգական տարելիցին նվիրված արարողություններին և իր հարգանքի տուրքը մատուցելու 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:
…Որքա՜ն հազոներ ու արտեններ ակամայից արժանացան այսպիսի դաժան ու ողբերգական բախտի ու կյանքի, բայց որքա՜ն չեթիններ էլ դեռ կվերադառնան գիրկը` իրենց Մոր…
Մեր բանտված հայրենիքում
Որտեղի՞ց հայի անուն,
Արթինն էլ մեր Սասունում
Չեթին էր արդեն ձայնվում…
Թուրքի կեռ յաթաղանը
Հնձել էր տոհմը վաղուց,
Իսկ փրկված փոքրիկը
Հավատափոխ արվեց…
Բայց թեև` ինչ էլ լինի,
Երակում մեր Չեթինի,
Սասունցու`ազնիվ հայի
Արյունն էր հոսում դարի…
Եվ ահա մեկ դար հետո
Հուշ զարթնեց նրա հոգում,
Եռ եկավ երակներում
Արյունն իր պապերու…
…Եվ այսպես` ինչ էլ լինի,
Թե տարի, թե դար անցնի,
Արյունը ջուր չի դառնա
Արթինը տուն կդառնա…
Ամալյա Իսայան, Մոսկվա 08.05.2015
Հայաստանի ժուռնալիստների միության անդամ