Արտերկրից ժամանած 12 ընտանիք ցանկություն է հայտնել բնակվել Արցախում
Արցախ ժամանած եւ իրենց հանգիստը հայրենի բնակավայրում անցկացնող արտերկրում ապրող մոտ 12 ընտանիք ցանկություն է հայտնել մշտական բնակություն հաստատել Արցախում:
Այս մասին Hraparak.am-ին փոխանցեց «Արցախ» հայրենակցական միության անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր, ծնունդով ղարաբաղցի Համլետ Հարությունյանը:«Ամեն օր դրսից ընտանիքներ են ժամանում Արցախ ու նախաձեռնության օրվանից մոտավոր հաշվարկներով հինգ հարյուրից ավելի ընտանիք է վերադարձել ու իր հանգիստը կազմակերպում է իրենց տներում: Նրանք Արցախից տարբեր ժամանակներում գնացած մարդիկ են, ովքեր այնտեղ բարեկամներ ունեն, դատարկ տներ:
Այս նախաձեռնության առաքելությունը կարծես իրականություն է դառնում եւ 12 ընտանիք Ռուսաստանից եւ Ուկրաինայից եկած ցանկություն են հայտնել մշտական այլեւս չհեռանալ Ղարաբաղից», ասաց Համլետ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ «Արցախ» հայրենակցական միությունը կոչ էր արել աշխարհի բոլոր հայերին, և հատկապես ծագումով ղարաբաղցիներին, ովքեր ապրում են արտասահմանում, պարբերաբար այցելել հայրենի երկրամաս և ամեն տարի իրենց ընտանեկան արձակուրդի գոնե մեկ շաբաթն անցկացնել Արցախում:Հունիսի 20-ին Վարդենիս – Քարվաճառ մայրուղով Արցախ էին ժամանել հիմնականում ռուսաստանաբնակ շուրջ 200 ընտանիքներ՝ «Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանի գլխավորությամբ: