«Հրաշագործ Տիգրան Համասյանը երաժշտությունը կիրառում է դիմացինի հոգին լվանալու համար». թուրքական Radikal-ի անդրադարձը

Հայ անվանի դաշնակահար Տիգրան Համասյանը շարունակում է իր «Լույս ի լուսո» խորագիրը կրող համերգաշարը՝ ելույթներով հանդես գալով Թուրքիայի տարբեր քաղաքներում: Հունիսի 30-ին Հայաստանի պետական կամերային նվագախմբի ուղեկցությամբ ևս մեկ համերգ էր կազմակերպվել Ստամբուլի Aya irini թանգարանում՝ ստամբուլյան 22-րդ ջազ-փառատոնի շրջանակներում:
Թուրքական «Radikal» պարբերականը՝ «Հավանաբար նա մեզ կախարդել է» վերնագրի ներքո անդրադարձել է Համասյանի ելույթներին ու դրանց առաջացրած ոգևորությանն ու հիացմունքին, տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«5-ից 19-րդ դարերի հայ ավանդական երաժշտական ստեղծագործությունների յուրօրինակ մեկնաբանություններով նա, հավանաբար, կախարդել է մեզ բոլորիս: Բավական դժվար է ՝ փորձել բառերով նկարագրել այս երաժշտությունը: Համասյանը հրաշագործ է: Նախ զգում ես, որ ոգիդ ընդլայնվում, պարուրում է ողջ տիեզերքը: Նույնականանում ես ամբողջի հետ: Հետո միանգամից քեզ քաշում-հանում է այդ վիճակից, սթափվում ես, կարծես թե նիրհից ես արթնանում: Ու հասկանում ես, որ երաժշտության մեջ հոսում էիր…
Հրաշագործ Համասյանը երաժշտությունը կիրառում է դիմացինի հոգին լվանալու համար»,- գրում է «Radikal»-ի թղթակից Գյուլդեհան Այսենը:
Անդրադարձ կատարելով Համասյանի անցած երաժշտական ուղուն և նշելով այն փաստը, որ իր առաջին ձայնասկավառակը տաղանդավոր երաժիշտը թողարկել է 18 տարեկանում՝ լրատվամիջոցը տեղեկացնում է, որ բրիտանական հեղինակավոր «The Guardian» պարբերականը Համասյանի մասին մի առիթով գրել է որպես «ջազին հայկական շունչ հաղորդած դաշնակահար»:
«Չիկ Կորեայի, Բրադ Մեհլդաուի, Հերբի Հանկոկի նման վարպետների հետ ելույթ ունեցած Համասյանը բախտ է ունեցել երիտասարդ տարիքում Հանկոկից լսելու «Դու արդեն իմ ուսուցիչն ես» արտահայտությունը», – գրում է թուրքական պարբերականը:
Գյուլդեհան Այսենը նաև իր հիացմունքն է հայտնում Հայաստանի պետական կամերային երգչախմբի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այդ երգիչների ձայները Համասյանի երաժշտության հետ ամենալավ համադրությունն են:
«Իհարկե, չպետք է նաև մոռանալ Հարություն Թոփիկյանի ղեկավարած Երևանի պետական կամերային երգչախմբի սոլիստների դերը: Երբ հնչեց այդ՝ բառի ամենաիսկական իմաստով «բյուրեղյա ձայների» սոպրանոն, սրահում բոլորի մի պահ քարացան»:

Scroll Up