Մոսկվայի միջազգային կինոփառատոնն առանձին ծրագրով կանդրադառնա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կկայանա հունիսի 19-ից 26-ը և առանձին ծրագրով կանդրադառնա Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին, հայտնում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունից:
ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը Մոսկվայի ՄԿՓ-ի վավերագրական ֆիլմերի միջազգային մրցութային պատվավոր ժյուրիի անդամ է և կինոփառատոնն այս տարի կամփոփի «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի նախաձեռնած՝ Մեծ Եղեռնին նվիրված ֆիլմերի ցուցադրության «Այլևս երբեք…» ծրագրի առաջին փուլը:
«Այլևս երբեք…» ծրագրի շրջանակներում Մոսկվայում կցուցադրվեն՝ «Հանդիպում ցուցահանդեսում» (ռեժ.՝ Ներսես Հովհաննիսյան), «Նահապետ» (ռեժ.՝ Հենրիկ Մալյան), «Երկունք» (ռեժ.՝ Ֆրունզե Դովլաթյան), «Աքսորում երգողները» (ռեժ.՝ Թուրի և Նատալի Ֆինոչչիարո Ռոզետի), «Սարոյանի հողը» (ռեժ.՝ Լուսին Դինք), «Ճչացողները» (ռեժ.՝ Կառլա Կարապետյան, «Վանա ծովուն արշալույսը» (ռեժ.՝ Արտակ Իգիթյան, Վահան Ստեփանյան) ֆիլմերը: