Լոմբարդիայի նահանգապետ. Հայոց ցեղասպանության հիշատակումն ինչ-որ մեկի դեմ չէ

Իտալիայի Լոմբարդիայի մարզային խորհուրդը (մարզկենտրոնը՝ Միլան) հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է Միլանի «IL Giorno» պարբերականը:
Նախաձեռնությանը մասնակցել են Լոմբարդիայի նահանգապետ Ռոբերտո Մարոնին, մարզային խորհրդի նախագահ Ռաֆաելե Կատանեոն, խորհրդի պատգամավորներ, Իտալիայում ՀԱԵ թեմի առաջնորդ Թովմաս Խաչատրյանը, ինչպես նաեւ Իտալիայում Հայաստանի պատվո հյուպատոս Պիետրո Քուչուքյանը:
«Այս նախաձեռնությունն ինչ-որ մեկի դեմ չէ, այլ համաձայնության փնտրտուք՝ հանուն լավագույն ապագայի»,- հայտարարել է Կատանեոն: Իսկ նահանգապետ Մարոնին իր հերթին ընդգծել է. «Այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որը մեկ դար շարունակ հերքել եւ մոռացության են մատնել»:
Նահանգապետի խոսքով, Լոմբարդիայի ժողովուրդը համերաշխ է հայ ժողովրդի հետ, որը բազմաթիվ անարդարություններ է կրել: «Միլանը տուն դարձավ ակտիվ եւ խոշոր հայ համայնքի համար: Ոչ միայն մարզի գլխավոր քաղաքը, այլեւ ամբողջ Լոմբարդիան ուրախ են ընդունել Հայաստանի քաղաքացիներին եւ պատիվ են համարում մարզի զարգացման գործում այդ համայնքի ներդրումը»,- ընդգծել է նահանգապետը: