Տեղի ունեցավ սիրիահայ դիզայներ-մոդելավորող Գևորգ Շադոյանի «Վերածնունդ» հավաքածուի ցուցադրությունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/06/sad.jpg)
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում հունիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ տեղի ունեցավ սիրիահայ դիզայներ-մոդելավորող Գևորգ Շադոյանի “Shadoyan Fashion” նորաձևության տան «Վերածնունդ» հավաքածուի ցուցադրությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի 25 ներկայացուցիչներ, արվեստագետներ, հյուրեր:
Համադրելով հայկական ազգային տարազի բաղադրիչները՝ դիզայները ստացել է հնի ու նորի յուրահատուկ համադրություն՝ նոր կյանք և շունչ հաղորդելով ազգային տարազներին: Ներկայացված 23 կանացի, 7 տղամարդու և 8 մանկական համալիր հագուստներից բաղկացած ցուցադրության ներշնչանքի աղբյուրը հայկական տարազներն են, որոնցում արտացոլվել են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունը և ազգային խառնվածքի առանձնահատկությունները: Ներկայացված վերջին ցուցանմուշը «Անմոռուկ» խորհրդանշական հագուստն էր։
2015 թ. ապրիլի 18-ին՝ Մոսկվայում կայացած “Estet Fashion Week”-ի շրջանակներում «Վերածնունդ» հավաքածուն արժանացել է Արտասահմանյան լավագույն հավաքածու» մրցանակին: Հավաքածուն ցուցադրվել է նաև Արցախում:
Շադոյան նորաձևության բրենդը, որը ստեղծվել է 1999թ., ներառում է “Haute Couture” հարսանեկան, երեկոյան և ամենօրյա զգեստներ, “Pret a porter” կոստյումներ, շապիկներ, կոշիկներ, պայուսակներ, աքսեսուարներ, վզնոցներ, ականջօղեր և հուշանվերներ: Առաջիկայում հավաքածուն կցուցադրվի նաև Ավստրալիայում, Ֆրանսիայում, Նյու Յորքում: