ՀՀ փոխվարչապետ. Սփյուռքի նախարարի կոչը պետք է դիտարկել որպես նորմալ բիզնես-առաջարկ

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը անում է ամեն ինչ՝ ՀՀ տնտեսության համար նոր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Այս մասին, ըստ News.am-ի, այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

«Վարչապետը լի է հույսերով եւ ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի այս տարվա երկրորդ կիսամյակում այդ ծրագրերն սկսվեն: Ես նույնպես աշխատում եմ այդ ուղղությամբ: Ճիշտ է, տնտեսության դանդաղումը տարածաշրջանում նախադրյալներ չի ստեղծում ակտիվացման համար, դրա համար էլ ես զգուշավոր գնահատականներ եմ տալիս»,-հայտարարել է Գաբրիելյանը:

Նրա խոսքով, այդուհանդերձ, չպետք է համարել, որ զարգացման որեւէ ծրագիր չի իրականացվում: «Միայն մեկ օրինակ, մենք արդեն բանակցություններ ենք վարում մի շարք խոշոր ջրամբարների շինարարության շուրջ»,-հավելել էփոխվարչապետը:

Փոխարչապետ Վաչե Գաբրիելյանը լրագրողներին հորդորեց նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կոչին, թե յուրքանաչյուր սփյուռքահայ պետք է գումար ներդնի հայկական բանկերում, վերաբերվել ավելի լուրջ:  Ըստ նրա` դա պետք է դիտարկել որպես նորմալ բիզնես-առաջարկ: «Վերցնենք, օրինակ, Լիբանանի տնտեսությունը, լիբանանյան բանկերում կա ահավոր մեծ գումար, որովհետև լիբանանյան Սփյուռքը սովորություն ունի մեծ քանակությամբ գումարներ պահել լիբանանյան բակերում, բանկերի միջոցները մի քանի անգամ գերացանզում են երկրի ՀՆԱ-ն: Ամբողջ հարցն այն է, որ մենք ունե՞նք նման բանկեր, որոնք կարող են առաջարկել նման ծառայություններ և այդ ծառայություններով ներգրավել: Եթե ունենք նման բանկեր, ապա այդ պրոցեսը տեղի կունենա: Ես գիտեմ մարդիկ, ովքեր Հայսատանում լինելով՝ հայաստանյան բանկերում գումար չունեն»,-ըստ lragir.am-ի` ասել է Վաչե Գաբրիելյանը:

Scroll Up