Հայաստանը նախատեսում է Քուրդիստանում հյուպատոսություն բացել. Արաբերեն մամուլ

Քուրդիստանի տարածաշրջանի վարչապետ Նիջիրֆան Բարզանին, մարտի 18-ին հանդիպել է Հայաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչ Լևոն Սարգսյանին և Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանին: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Քուրդիստանի կառավարության կայք-էջից:

Հանդիպման ընթացքում Հայաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչը Քուրդիստանի վարչապետին է փոխանցել ՀՀ նախագահի և վարչապետի ողջույնները: Զրույցի ընթացքում կարևորել է քուրդ և հայ ժողովուրդների հինավուրց հարաբերությունները և պատրաստակամություն է հայտնել ամուր կապեր հաստատել Էրբիլի և Երևանի միջև: Այս առնչությամբ նշել է, որ պատրաստ են Հայաստանի և Քուրդիստանի միջև ձևավորել բարեկամական հանձնաժողով, ամրապնդել երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ոլորտները՝ մշակութային, տնտեսական կապերի զարգացմամբ:

Հայաստանի պատվիրակության անդամները հայտարարել են, որ նախատեսում են հյուպատոսություն բացել Էրբիլում, ինչպես նաև չվերթներ իրականացնել Էրբիլի և Երևանի միջև: Նաև նշել են, որ Հայաստանի մասնավոր հատվածը պատրաստ է ներդրումներ կատարել Քուրդիստանում և այդ նպատակով կոչ են ուղղել Քուրդիստանի կառավարությանը՝ համագործակցել և հնարավորություններ ապահովել:

Քուրդիստանի վարչապետը, ողջունելով Հայաստանի պատվիրակությանը, իր շնորհակալությունն ու գնահատանքն է հայտնել ՀՀ նախագահին և վարչապետին: Գնահատելով Էրբիլում հյուպատոսություն բացելու Հայաստանի որոշումը՝ իր լիակատար աջակցություն է հայտնել համատեղ բարեկամական հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ: Նաև նշել է, որ Քուրդիստանի տարածաշրջանի կառավարությունը պատրաստ է համագործակցելու՝ Հայաստանի կառավարության ներդրումային օրենքների համաձայն:

Քուրդիստանի վարչապետն իր խոսքի ընթացքում կարևոր է համարել Հայաստանի և Քուրդիստանի միջև քաղաքական, սոցիալական և գիտական հարաբերությունները: Նաև հավելել է, որ փոխայցելությունները և Հայաստանի բուհերում Քուրդիստանի ուսանողների ներկայությունն էլ ավելի կամրապնդի Էրբիլի և Երևանի միջև կապերը:

Scroll Up