Պրահայի 13-րդ Քվադրինալե. ՀՀ-ն կներկայանա Ցեղասպանությանը նվիրված «Կարմիր կարկուտ» բեմադրությամբ

Հունիսի 18-28-ը Պրահայի 13-րդ միջազգային Քվադրինալեին Հայաստանը կներկայանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Կարմիր կարկուտ» բեմանկարչական բեմադրությամբ, հայտնում է PanARMENIAN.Net-ը:
Քվադրինալեն բեմական ձևավորման աշխարհի խոշորագույն փառատոնն է, որը կազմակերպում են Չեխիայի մշակույթի նախարարությունն ու Եվրոպական միությունը: Այն անցկացվում է 4 տարին մեկ: 1967-ից ի վեր Քվադրինալեին իրենց աշխատանքներով ներկայացել են այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Օսկար Նիմեյերը, ժոզեֆ Սվոբոդան, Ռոբերտ Ուիլսոնը և այլք:
Հայաստանը Պրահայի Քվադրինալեին առաջին անգամ մասնակցել է 2011-ին բեմանկարիչ Նելլի Բարսեղյանի ջանքերով: 2015-ին մեր երկիրը դարձյալ իրավունք ստացավ մասնակցելու դրան, այս անգամ «Կարմիր կարկուտ» բեմանկարչական բեմադրությամբ, որի հեղինակ-համադրողներն են բեմանկարիչներ Լիլիթ Ստեփանյանը և Նելլի Բարսեղյանը, երաժշտության հեղինակ՝ աշխարհահռչակ երաժիշտ, կոմպոզիտոր Տիգրան Համասյանն ու լուսանկարիչ, ռեժիսոր Վահան Սեփանյանը:
Նախագիծն իրականացվում է «Էյվա» արվեստների հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինության աջակցությամբ:
«Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիան ստեղծվել է Տիգրան Համասյանի երաժշտության և հայերին Ցեղասպանության ժամանակ օգնություն ցուցաբերած նորվեգուհի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բիորնի կողմից արված մեկ վավերագրական լուսանկարի փոխազդեցության արդյունքում:
Պրահայի Քվադրինալեի հիմնական ցուցադրությունից բացի հունիսի 23-ին կայանալիք հայկական օրվա շրջանակում լուսանկարիչ Վահան Ստեփանյանը կներկայացնի նաև PAN Photo գործակալության հետ համատեղ ստեղծված՝ «Հայոց ցեղասպանության վերջին վերապրածները» (Last Survivor of The Armenian Genocide) նախագիծը: