Իրաքցի նախարարը միացել է Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու իրաքահայերի պահանջին

«Հայերն այսօրի» տեղեկացմամբ՝ «almadapress»   կայք-էջը   գրում է.

– Մայիսի 23-ին իրաքահայերը Թուրքիայի կառավարությունից պահանջեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը իրականացվել է 100 տարի առաջ: Գիտակցելով, որ կատարված հանցագործությունները վաղեմության ժամկետներ չունեն, նրանք շեշտեցին, որ շարունակելու են ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ մինչև իրենց նպատակների իրականացումը:

Իրաքի գիտությունների և տեխնոլոգիայի նախարար Ֆարես Ջաջուն Հայոց ցեղասպանության վերաբերյալ համաժողովի շրջանակներում, որը կայացել է մայրաքաղաք Բաղդադում,  նշել է, որ այս համաժողովի շեշտը դրվել է երկու իրականության վրա՝ Նախ՝ հանցագործությունները չեն մեռնում հնությունից, և երկրորդ՝ մարդկային կյանքի սրբությունը վեր է ամեն ինչից:

Նախարարի խոսքով՝ իրաքահայերը համաժողովներ են կազմակերպում` ճնշում գործադրելու թուրքական կառավարության վրա, որպեսզի այն ճանաչի Ցեղասպանությունը, որը թուրքերն իրականացրել են հայերի հանդեպ 100 տարի առաջ:

Նա նաև ընդգծել է, որ թուրքերի կողմից ճանաչումը կլինի ոչ թե վիրավորանք, այլ քաջություն և վերքը կլավանա, եթե թուրքական կողմը նստի բանակցությունների սեղանի շուրջ և ճանաչի հանցագործությունները:

Մյուս կողմից՝ հոգևորական Ջաաֆար ալ Ասադին իր զարմանքն է արտահայտել, որ Թուրքիան չի ճանաչել հանցագործությունն այսքան երկար ժամանակ` հաստատելով, որ իրենք, որպես մուսուլման, աջակցում են հայերին իրենց նպատակին հասնելու գործում:

Scroll Up