Բելգիայի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը կկայանա այսօր
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստը, որում քննարկվում էր Հայոց ցեղասպանության բանաձևը, ավարտվեց:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ներկայացուցիչների պալատի պաշտոնական կայքը, բանաձևի քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 23-ին: Քննարկման ավարտից առաջ ելույթ ունեցած Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Դիրկ Վան Դեր Մաելենը նշեց, որ Բելգիայի Ներկայացուցիչների պալատը պետք է հստակ կիրառի անհրաժեշտ տերմինը և 1915 թվականին տեղի ունեցածն անվանի Ցեղասպանություն: Բելգիայի աշխատավորական կուսակցությունից պատգամավոր Մարկո Վան Հեեսն էլ ընդգծեց, որ ընդունելով Հայոց ցեղասպանության բանաձևը` Բելգիան կշահի հանրության վստահությունը: «Հայոց ցեղասպանությունը կճանաչի նաև Թուրքիայի ձախակողմյան` «Հեղափոխական-սոցիալիստական աշխատավորական» (DSIP) կուսակցությունը:
Կարծում եմ` առաջ շարժվելու միակ ճանապարհը դա է», ասաց Վան Հեեսը: Նիստի ընթացքում ելույթով հանդես եկած բոլոր պատգամավորներն էլ չժխտեցին Հայոց ցեղասպանության փաստը և ներկայացրեցին իրենց կուսակցությունների դիրքորոշումները: Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 7-ին կողմ է քվեարկել Բելգիայի կառավարության` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին` այն փոխանցելով Ներկայացուցիչների պալատի քննարկմանը: Այն կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հաշտեցնել հայ և թուրք ժողովուրդներին` «համընդհանուր պայծառ ապագայի հույսով»: Բելգիայի կառավարությունից բացի, Հայոց ցեղասպանության բանաձևերի նախագծեր էին ներկայացրել նաև ընդդիմադիր երեք կուսակցությունները, որոնք սակայն չընդունվեցին:
Ավելի ուշ՝ հուլիսի 16-ին, Հայ դատի Բելգիայի հանձնախումբը և Բելգիայի ասորական դաշնությունը մտահոգություն են հայտնել այդ երկրի Ներկայացուցիչների պալատում ներկայացված՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի մի քանի կետերի վերաբերյալ: Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության և իր անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բելգիայի խորհրդարանն 1998 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել Վերին պալատի (Սենատի) մակարդակով: