Անգլիկանյան եկեղեցու եպիսկոպոսը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին

Ջիբրալթարի եպիսկոպոս դոկտոր Ռոբերթ Ինեսը ապրիլի 22-24-ը այցելել էր Հայաստան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու: Diocese in Europe կայքը հրապարակել է նրա հոդվածը այցի և Ցեղասպանության ճանաչման կարևորության մասին.
«Ապրիլի 22-ից 24-ը Հայաստանի մայրաքաղաք Երևանում հիշողության մթնոլորտ: Մի շարք բարձրորակ միջոցառումներ միջազգային ուշադրությանը հիրավիրել էին 100 տարի առաջ Օսմանյան կայսությունում տեղի ունեցած հայերի տառապանքներին: Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից ու Ամերիկայից բարձրաստիճան հոգևորականները միացել էին իրավաբաններին և քաղաքական առաջնորդներին՝ խոսելու, համերաշխությունն ու իրենց հարգանքն արտահայտելու:
Ներկաների թվում էր անգլիկանյան պատվիրակությունը, որը բաղկացած էր Եվրոպայում Լոնդոնի եպիսկոպոսից՝ Քրիսթոֆեր Հիլից, և երկու եպիսկոպոսից Հարավային Սուդանից՝ Ինոք Թոմբ Սթիվենից և Փիթեր Մայոմից:
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի բացման առաջին օրը նախագահ Սերժ Սարգսյանը հույս էր հայտնել, որ 100-րդ տարելիցի միջոցառումները կմարմնավորեն հիշատակումը՝ կանխարգելով նման աղետներն ու նշելով հայկական պետականության վերածնունդը:
Ամենակարևոր իրադարձությունը տեղի ունեցավ երկրորդ օրը, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սրբադասեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին: Նման արարողակարգով Հայաստանն ուզում էր ասել, որ այդ սպանդի ժամանակ մահացածները ոչ թե զոհեր էին, այլ հերոսներ, որոնք տանում էին իրենց քրիստոնեական հավատքը հալածանքների միջով և որոնք կարողացան ոգեշնչել հավատքն ու հայրենասիրությունը մեր օրերում:
Երրորդ օրն անցավ զոհերի հիշատակը հավերժանող անմար կրակի մոտ: Միջոցառումը մեկնարկել էր 5 պետությունների՝ Հայաստանի, Կիպրոսի, Սերբիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների ելույթներով: Դրան հետևել էին պատարագն ու աստվաշնչյան ընթերցումները, ինչն ավելի շատ զարմացրեց հիմնականում արևմտյան պետությունների ղեկավարներին:
Կեսօրին անգլիկանյան պատվիրակությանը հրավիրել էին Հայ առաքելական եկեղեցու ղեկավար Կաթողիկոսի մոտ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Նորին Սրբությունը չէր կարող ավելի ջերմ կամ ավելի բարյացակամ լինել. «Իմ տունը Ձեր տունն է», – ասել է նա: Հանդիպման ընթացքում եպիսկոպոս Փիթերը պատմում էր՝ որքան էր ոգևորվել Հայաստանի օրինակով՝ հավատալով, որ իր երկրի՝ Հարավային Սուդանի վերակառուցումը հնարավոր է այնտեղ տեղի ունեցած սարսափելի իրադարձություններից հետո:
Այդ երեք օրերն իսկապես հուզիչ և անմոռանալի էին: Տուն վերադառնալու երկար ճանապարհին ես մտածում էի՝ նախագահ Սարգսյանը հասել էր իր նպատակին: Հիշատակումն ու երախտագիտությունը մատուցված էին հավուր պատշաճի: Հույս ունեմ՝ միջազգային ուշադրության կենտրոնում հայտնված Հայաստանի՝ աշխարհագրորեն մեկուսացված և աղքատ ազգը վերջապես քաջալերվեց: Իսկ կանխարգելու՞մը: «Ինչու՞,- հարցրին մեր արևելյան եղբայրներն ու քույրերը, – ինչու՞ արևմտյան եկեղեցիները ավելին չեն անում՝ կանխարգելելու քրիստոնյաների կոտորածներն ու սպանությունները, որոնք այսօր էլ տեղի են ունենում Մերձավոր Արևելքում»: Բարդ հարց է: Փաստն այն է, որ մենք չունենք միջազգային կաrույցներ, որոնք անհրաժեշտ են համաշխարհային խաղաղությունն ապահովելու և պահպանելու համար:
Երևանում մասնակցածս միջոցառումներն, իհարկե, ստիպեցին ինձ սգալ այն բոլոր դեպքերի համար, որոնք տեղի էին ունեցել հայերի հետ, և բողոքել համաշխարհային լռությունից: Սակայն ամենից զատ, ես մտածում էի՝ ի՞նչ է հարկավոր համաշխարհային ղեկավարներին՝ զարգացնելու այնպիսի կառույցներ ու հաստատություններ, որոնց միջոցով քաղաքական կամքը կհամոզեր, որ այն մեծածավալ հալածանքներն ու սպանությունները, որոնք տեղի են ունենում դավանանքի, ռասայական կամ էթնիկական հողի վրա, կպատժվեն և կկանխվեն հավուր պատշաճի»: