Թուրք մտավորական. Թուրքիայի վարչապետն օրը 5 անգամ Մերկելին խնդրում էր չճանաչել Ցեղասպանությունը

Հայոց ցեղասպանություն փաստի ճանաչումը մարդ լինելու չափանիշն է և Թուրքիայի կառավարությունը պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը, այսօր՝ մայիսի 13-ին, ասուլիսի ժամանակ ասել է գերմանաբնակ թուրք մտավորական, Համբուրգի երկրամասի պառլամենտի ձախերի խմբակցության ներկայացուցիչ Հասան Բուրգուջուօղլուն. նա Թուրքիայից փախել է իր հայացքների համար և բնակություն հաստատել Գերմանիայում:
«Ես էլ եմ մեղսագործության մեջ մեղավոր, քանի որ իմ նախնիները նույնպես մասնակցել են ցեղասպանությանը: Ցեղասպանությունն այժմ ևս շարունակվում է, Արևմտյան Հայաստանի տարածքում ապրող մարդիկ ապրում են այնպես, ինչպես դա չի եղել»,- ասել է Բուրգուջուօղլուն և հավելել, որ Թուրքիայի արևելյան հատվածը, այսինքն՝ Արևմտյան Հայաստանը, Օսմանյան կայսրության ամենազարգացած վայրն էր: Թուրքիան այսօր էլ դեռ չի հասել այն մակարդակին, ինչ կար Արևմտյան Հայաստանում մինչև 1915 թվականը:
Պատգամավորի խոսքով՝ Բունդեսթագում շրջանառվող օրինագծում «ցեղասպանություն» բառը գոյություն չունի և շատ լղոզված է: «Թեև իմ կուսակցության ներկայացրած հայտարարությունում «ցեղասպանություևն» եզրույթն առկա էր», ասել է նա, գրում է PanARMENIAN.NET-ը:
Գերմանաբնակ թուրք պատգամավորը նկատել է, որ յուրաքանչյուրն իր բառով ասում է, որ 1915-ի դեպքերը ցեղասպանություն էին, առանց օգտագործելու այդ եզրը: Մանրամասն նկարագրում են ոճրագործություն՝ առանց ասելու, որ ցեղասպանություն է:
Բուրգուջուօղլուն հայտարարեց. «Դավութօղլուն վերջին ժամանակներում օրը հինգ անգամ զանգահարում է Անգելա Մերկելին, խնդրելով չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թուրքական կառավարության համար դա շատ կարևոր է, բայց ի վերջո, իրերը պետք է կոչել իրենց անուններով, դա ցեղասպանություն է»:
Նա նաև ասել է, որ պետք է միասնական փաստաթուղթ շրջանառվի: Խոսելով ժամկետների մասին՝ հստակեցրել՝ իրենց ընդդիմախոսները ցանկանում են, որ օրինագիծը մի քանի տարի շրջանառվի Բունդեսթագում: «Եթե կառավարությունը չցանկանա, ոչինչ չի ստացվի»,- ասել է Բուրգուջուօղլուն:
Գերմանիայի Բունդեսթագում շրջանառության մեջ է դրված Հայոց ցեղասպանությունը դատապարտող երեք նախագիծ, որոնք ուղարկվել են Արտաքին հարաբերությունների հանձնաժողով: Նախագծերը քննարկվելու են նաև Մարդու իրավունքների և Եվրոպայի հարցերով հանձնաժողովներում: Մի նախագիծը ներկայացված է Ձախերի կողմից, մյուսը` Կանաչների, և երրորդ միասնական նախագիծը` իշխող կոալիցիայի կողմից: Բանաձևի շուրջ համաձայնության և վերջնական քվեարկության մասին հստակ ժամկետներ չեն նշվում: Ապրիլի 24-ին Բունդեսթագի նիստերի դահլիճում Հայոց ցեղասպանության հարոցով քննարկմանը ներկա է եղել նաև կանցլեր Անգելա Մերկելը: