Lansing State Journal. ԱՄՆում բնակվող 103-ամյա հայուհին փրկվել է հայերի երկու կոտորածներից

ԱՄՆ Միչիգան նահանգի մայրաքաղաք Լանսինգում բնակվող 103-ամյա Ասյա Տիտովայի (իրական ազգանունը չի նշվում, նշվում է ամուսնու ազգանունը-խմբ.) ընտանիքը 1920 թվականին, երբ նա 7 տարեկան էր, լքել է ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Արդվին քաղաքը: Տարիներ անց միայն Տիտովան կհասկանա, որ նա փրկվել է Թուրքիայում մոտ 2 միլիոն հայերի կոտորածից, գրում է Lansing State Journal-ը:

Ինչպես գրում է թերթը, Տիտովայի բարեկամներն ու ընկերները սպանվել են 1915-ի դեպքերի ընթացքում, որը շատերի կողմից 20-րդ դարի առաջին ցեղասպանություն է համարվում:

Տիտովան պատմել է, որ քանի որ արդեն չափազանց վտանգավոր էր դառնում քաղաքում մնալը, նրա հայրը որոշել է 1920 թվականին ընտանիքը տեղափոխել Վրաստան՝ Բաթում, սակայն մինչև տեղափոխվելը մահացել է։

Ասյան, Միչիգանի հայկական կաթոլիկ համայնքի տվյալներով, Միչիգանում բնակվող Հայոց ցեղասպանությունը վերապրածներից մեկն է: Թերթը հիշեցնում է, որ անցած ամիս լրացել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը և նշում, որ դա հայերի նկատմամբ բռնության վերջին արշավը չէր, որն Ասյա Տիտովան պետք է վերապրեր և ողջ մնար:

Նա ամուսնանալուց հետո իր նոր ընտանիքի հետ 1933 թվականին տեղափոխվում է Մոսկվա: Խորհրդային ղեկավարությունը տարիներ անց ձերբակալում է նրա ամուսնուն և ընտանիքի այլ անդամների: Ամուսինը ձերբակալված է մնում մինչև 1952 թվականը, և Ասյան մոտ մեկ տասնամյակ միայնակ է մնում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նա իր տանը նացիստ զինվորներ տեղավորելու հետ միաժամանակ իր ներքնահարկում երկու հրեա է թաքցնում՝ փրկելով նրանց կյանքը: Նացիստներին, ովքեր այդպես էլ ոչինչ չեն կասկածում հրեաների ներկայության մասին, տուն տրամադրելու հարցում մերժելը վտանգի տակ կդներ Տիտովայի ընտանիքին:

Ասյան, նրա որդին և որդու կինը՝ Տատյանան, որոշում են 1974 թվականին տեղափոխվել Բաքու՝ Ադրբեջան: Ադրբեջանում արդեն 1990 թվականի հունվարին սկսվում են հայերի ջարդերը: Ասյան, նրա որդին, երկու թոռները, Տատյանան և Տատյանայի մայրը կարողանում են փախչել Բաքվից: Այնուհետ ամերիկյան կառավարության օգնությամբ նրանք փախստականի կարգավիճակ են ստանում և 1990 թվականի դեկտեմբերին ուղևորվում Միչիգան:

Ասյա Տիտովան և նրա ընտանիքն այն հայերի թվում էին, որոնք Բաքվից 1990-ականների սկզբին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ վերահաստատվում են Լանսինգում: Մինչ նրանց ժամանելը Լանսինգում կար փոքրաթիվ հայկական համայնք, բայց նրանցից քչերն էին իրար ճանաչում: Բաքվից ժամանած հայկական համայնքն այնուհետ աճում է, և հաստատված ներգաղթյալները սկսում են դիմավորել նոր եկած իրենց հայրենակիցներին:

Ինչպես նշվում է՝ համայնքի ներկայացուցիչ առաջին փախստականներն արդեն մահացել են, իսկ երիտասարդներ գրեթե չկան, և համայնքի ապագան հարցականի տակ է, գրում է Tert.am-ը:

Scroll Up