Թուրքերը խոչնդոտել են վենետիկյան բիենալեում այն գրքույկի տարածումը, որում տեղ է գտել «Հայոց ցեղասպանություն» եզրը

Մայիսին մեկնարկած 56-րդ վենետիկյան միջազգային բիենալեի թուրքական տաղավարում հայազգի արվեստագետ Սարգիսը ներկայացնում է «Respiro» («Շունչ») խորագրով ցուցադրությունը: ermenihaber.am-ը տեղեկացնում է, որ թուրքական «Cumhuriyet» պարբերականի վկայությամբ՝ այդ ցուցադրության մասին անգլերեն և թուրքերեն տարբերակներով պատրաստված գրքույկը ճգնաժամի պատճառ է հանդիսացել:  Կատալոգում, որը պետք է բաժանվեր ցուցադրության բացման օրը՝ մայիսի 7-ին,  ներառված է եղել Ռաքել Դինքի հեղինակած հոդվածը:

Այդ հոդվածում տեղ գտած «Հայոց ցեղասպանություն» արտահայտության պատճառով էլ կատալոգն արգելվել է, քանի որ ցեղասպանության հիշատակումը քննադատության է արժանացել ցուցադրության հովանավոր Թուրքիայի ԱԳՆ-ի և Մշակույթի նախարարության, ինչպես նաև թուրքական տաղավարին աջակցողների կողմից:

Նշենք, որ Ռաքել Դինքն իր հոդվածում հիշատակում է ամուսնու՝ 2007թ Թուրքիայում սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի մասին:

«Սա անչափ մեծ վիշտ է: 1915թ Հայոց ցեղասպանության վիշտը, բոլոր անգերեզման և անհիշատակ կորուստների վիշտը միավորվեցին և վիշտն էլ ավելի անսահման դարձավ»:

Սարգիսն ու ցուցադրության համակարգող Դեֆնե Այասը գտել են այլընտրանքային տարբերակ. նրանք չբաժանված գրքույկները ցուցադրության են հանել Վենետիկում՝ ուղղահայաց կանգնեցված մի «դագաղի» մեջ՝ այդպիսով արտահայտելով իրենց բողոքը գրաքննության դեմ:

Scroll Up