Բաշշար ալ Ասադը Նահատակների օրվա իր ելույթում հիշատակել է Հայոց ցեղասպանության մասին
Սիրիայի նախագահ Բաշշար ալ Ասադը մայիսի 6-ին Նահատակների օրվա առիթով իր ելույթում խոսել է Հայոց ցեղասպանության մասին:
«Հայերն այսօրը» տեղեկացնում է, որ սիրիական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ` նախագահը նշել է հարյուր տարի առաջ օսմանցիների հանցագործությունների մասին: 1916-ին այս արաքները հասել են գագաթնակետին: Օսմանյան կայսրությունը ձերբակալել և կախաղան է բարձրացրել մեծ թվով ազգայնականների, որոնք պաշտպանում էին Սիրիայի ժողովրդին՝ օսմանցիների ոտնձգություններից: Ոճրագործությունը դրանով չի սահմանափակվել, այլ տարածվել է՝ ընդգրկելով միլիոնավոր հայերի, արամեացիների և այլ ազգերի, ովքեր այն ժամանակ բնակվել են Օսմանյան իշխանության տակ: «Այսօր կրկնվում են այդ հանցագործությունները նույն կերպ, սակայն տարբեր անուններով ու գործիքներով»,- նշել է Ասադը՝ ավելացնելով, որ հարյուր տարի առաջ դահիճը Ջեմալ Փաշան էր, իսկ այսօր՝ Էրդողանը:
Ասադի խոսքով Ջեմալ փաշայի հետևորդը Էրդողանն է, ով աջակցում է Սիրիայում գործող զինված խմբավորումներին, որոնք տարբեր հանցագործություններ են իրականացնում Սիրիայի խաղաղ բնակչության դեմ: Նախագահը վստահորեն շեշտել է, որ սիրիական բանակը կհաղթի պատերազմում: Նա խոստացել է ամրապնդել ուժերը Իդլիբի նահանգում, որտեղ թեժ մարտեր են ընթանում կառավարական ուժերի և «Ջեյշ ալ ֆաթհ» ծայրահեղական խմբավորման միջև:
Նահատակների օրվա առիթով Սիրիայի նախագահ Բաշշար ալ Ասադն այցելել է ռազմական ուսումնարան, որտեղ սովորում են զոհված հերոսների զավակները:
Ավելի վաղ՝ ապրիլի 24-ին, Երևանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին իրենց մասնակցություն էր բերել սիրիական պատվիրակությունը՝ Սիրիայի խորհրդարանի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամի գլխավորությամբ: