Իսրայելի միջկրոնական հարաբերությունների հրեական խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի միջկրոնական հարաբերությունների հրեական խորհուրդը Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարություն է ներկայացրել և կոչ արել Իսրայել պետությանը հետևել իր օրինակին: Այս մասին տեղեկացնում է www.panarmenian.net կայքը:
«Իսրայելի միջկրոնական հարաբերությունների հրեական խորհուրդը Երուսաղեմի հայկական համայնքի կողքին է: Մենք ճանաչում, հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում 100 տարի առաջ Թուրքիայում 1,5 մլն հայի կյանք խլած սարսափելի Ցեղասպանությանը: Այս Ցեղասպանությունը «մեկնաբանման» կարիք չունի, այն ապացուցված և անհերքելի փաստ է»-ասվում է հայտարարության տեքստում, Christian News Wire-ին հղումով գրում է ArmenianGenocide100.org-ը:
Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է ավելի քան 20 երկիր, ինչպես նաև ԱՄՆ նահանգների մեծ մասը: Վերջերս Ցեղասպանության սարսափների դեմ հրապարակավ խոսողներին ավելացել է նաև Ֆրանցիսկոս Պապը:
«Մենք կոչ ենք անում Իսրայել պետությանը հայերի զանգվածային կոտորածը պաշտոնապես Ցեղասպանություն ճանաչել: Այս պատմական ողբերգության վրա աչք փակելը քաղաքական արդարացում չէ:
Հրեաներն ունեն յուրահատուկ պատասխանատվություն հիշելու և ճանաչելու այս ողբերգությունը: 70 տարի առաջ մենք ապրել ենք նացիստական ցեղասպանություն, որը 6 մլն հրեայի կյանք է խլել: Նացիստերը ձեռնամուխ էին եղել Վերջնական լուծմանը, որովհետև գիտեին, որ աշխարհը ոչինչ չէր արել Հայոց ցեղասպանությունը կանխելու համար:
Մենք և հայերը նույն ցավն ենք ապրել: Հրեաներս իրավունք չունենք պահանջելու աշխարհից հիշել մեր ազգի ցեղասպանությունը, եթե նույնքան անտարբեր և լուռ մնանք 1913-1915 թվականներին հայ ժողովրդի ապրած պատուհասի հանդեպ:
Մենք պետք է սրտացավորեն ընդունենք մեր սուրբ «այլևս երբեք» խոստումը: Եթե մենք ցանկանում ենք կանխել ներկայի և ապագայի ցեղասպանությունները, լինեն դրանք մեր ազգի կամ այլ ազգերի հանդեպ, ապա պետք է զգոն լինենք՝ հիշելով և ճանաչելով անցյալի ցեղասպանությունները: Մենք չպետք է թույլ տանք, որ աշխարհը մոռանա դա»,- եզրափակում են հայտարարության տեքստի հեղինակները:
Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ապրիլի 24-ի ոգեկոչման արարողություններին Իսրայելը ներկայացված էր պատվիրակությամբ, որի կազմում էին Հայաստանում Իսրայելի դեսպանն ու երկու խորհրդարանականներ: Նրանցից մեկը` ընդդիմադիր «Սիոնիստական ճամբար» ընդդիմադիր կուսակցությունից ընտրված Քնեսեթի փոխնախագահ Նահման Շայը կոչ արեց իր հայրենակիցներն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Դա մեր տարրական պարտականությունն է: Մենք այլևս չպետք է տատանվենք»,-ասել է նա: