Ֆրանսիայի ալևիները ներողություն են խնդրել հայ ժողովրդից

Ֆրանսիայի ալևիները ներողություն են խնդրել հայ ժողովրդից այն բանի համար, որ Հայոց ցեղասպանության ժամանակ չեն կարողացել փրկել նրանց: Համապատասխան հայտարարությունը տարածել է Ֆրանսիայի Ալևիների միությունների դաշնությունը, գրում է News.am-ը` հղում անելով «Nouvelles d’Arménie» պարբերականին: 

Ալևիական կազմակերպության հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Դարեր շարունակ Անատոլիայի հնագույն ժողովուրդներն ընդհանուր ճակատագիր են ունեցել: Նրանց նույն հողն է կերակրել, նույն ջուրն են խմել, նույն օդն են շնչել և նույն արևի տակ են զարգացել: Սակայն ալևիների, հայերի, քրդերի, հույների, ասորիների միջև այդ ներդաշնակությունը խաթարվեց նրանց կողմից, ովքեր, ուշադրություն չդարձնելով այդ հողերի մշակութային, լեզվական և կրոնական հարստությանը, մշտապես ցանկանում էին քաղաքական ձուլման միջոցով, մասամբ՝ շատ դաժան, վերացնել այդ ամենը: Նրանք երկիրը խորտակեցին արյան և արցունքների մեջ: Դրանք մռայլ տարիներ էին, երբ 100 տարի առաջ զինվորականներն ու զինված բանդաները տեղահանեցին և սպանեցին հայերին ու ասորիներին»:

Այնուհետև հայտարարությունում նշվում է. «Մենք օգնություն ցուցաբերեցինք մեր հարևաններին, որոնք մեր կողքին են եղել մեր հարսանիքների, հուղարկավորությունների, հիվանդության և առողջ ժամանակ: Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ մենք արեցինք հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրանց փրկենք տառապանքներից: Մենք նրանց չէինք հանձնում դահիճների ձեռքը: Ցավոք, չկարողացանք բոլորին փրկել: Մենք չկարողացանք կանխել Հայոց ցեղասպանությունը: Եվ շարունակում ենք մեր մեջ կրել այդ անկարողության ցավը: Մենք՝ ալևիներս, մեր հարևաններին, մեր եղբայրներին խնդրում ենք ներել մեզ դրա համար: Դուք, որ մեզ զգուշացնում էիք, որ ձեզանից հետո նաև մեր հերթն է հասնելու, խնդրում ենք, ներե՛ք մեզ: Խնդրում ենք, ներե՛ք մեզ Հրանտ Դինքի համար, որի վախկոտ սպանությունը չկարողացանք կանխել»:

Scroll Up