Հայաստանի ընկերությունների արտադրանքն ավելի լայն է ներկայացված Մոսկվայում, քան Սանկտ Պետերբուրգում

Երևանի քաղաքապետի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետի կողմից կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում, Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի առթիվ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության անդամները, Երևանի և Սանկտ Պետերբուրգի գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ միասին, Սմոլնիում մասնակցել են բիզնես համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով կազմակերպված  կլոր սեղանին։

Ռուսաստանում Հայաստանի  առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, առանձնացնելով  Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ բիզնես համագործակցության զարգացման դրական դինամիկան, նշել է, որ Հայաստանի գործարարները փոխշահավետ համագործակցության առաջարկներ են սպասում Ռուսաստանի գործընկերներից։ Քննարկման ընթացքում նաև նշվել է, որ Հայաստանի ընկերությունների արտադրանքն ավելի լայն է ներկայացված Մոսկվայում, քան Սանկտ Պետերբուրգում։ Այդ համատեքստում կարևորվել է Հայաստանից Սանկտ Պետերբուրգ արտահանվող արտադրանքի տեսականու և ծավալների ընդլայնումը։ Քննարկման ընթացքում կարևորվել է գործարար կապերում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը:

«Սանկտ Պետերբուրգի միջտարածաշրջանային տեղեկատվության և բիզնես կենտրոն» ձեռներեցության խթանման ասոցիացիայի նախագահ Լիդիա Պրոխորովան, նշելով, որ  ձեռնարկատիրության համար հարմարավետ պայմաններ ապահովելու ուղղությամբ ՌԴ  կառավարությունն անում է հնարավորը, ընդգծել է, որ  Սանկտ Պետերբուրգի բյուջեի եկամուտների մոտ 30 տոկոսն ապահովում է միջին բիզնեսը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը նշել է, որ նախորդ նման  հանդիպումն անարդյունք չի եղել. մասնավորապես, ռուսական «Օմեգա» ընկերության հետ համաձայնություն էր ձեռք բերվել և Երևանում հաջողությամբ իրականացվել էր շատրվանների լուսային գունազարդ ձևավորման նախագիծը։  Ի նշան երախտագիտության՝ արդյունավետ համագործակցության համար, Ա. Հարությունյանը պատվոգիր է հանձնել «Օմեգա» ընկերության նախագահին։
Ռուսական կողմի ներկայացուցիչները իրենց հետաքրքրությունն ու շահագրգռվածությունն են հայտնել Հայաստանի գործընկերների հետ գործարար համագործակցության խորացման և ռուսական շուկայում հայաստանյան արտադրանքի տեսականու ընդլայնման վերաբերյալ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Scroll Up