Հայոց ցեղասպանության 100-ամյա հիշողություն

Ապրիլի 18-ին «Ուկրաինական տանը» անցկացվեց փաստագրական նկարներից ուցահանդես` նվիրված Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայ ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանության:

Արդեն 100 տարի է, ինչ հայ ժողովուրդը «հիշում ու պահանջում» է 1915 թվականին տեղի ունեցած մասսայական դաժանսպանությունները, որի արդյունքում զոհվեց ավելի քան 1,5 միլիոն մարդ, ճանաչել որպես ցեղասպանություն: Այդ ժամանակահատվածում կատարված իրադարձությունների ապացույցները այն փաստագրական նկարներն ու ֆիլմերն են, որոնք արվել են օտար ազգի ուսումնասիրողների, ճանապարհորդների, զինվորների կողմից: Հենց նման փաստեր էին ներկայացված ապրիլի 18-ին «Ուկրաինական տան» հանդիսությունների շենքում (Կիև) կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ:

Արարողության բացումը կատարեցին Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ սրբազան Մարկոս Հովհաննիսյանը, Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը:

Անդրանիկ Մանուկյանը ցուցահանդեսի մասնակիցներին ուղղված իր ուղերձում ասաց, որ կոչ է անում Ուկրաինային՝ 1915 թվականի ցեղասպանությունը ընդունել պաշտոնական մակարդակով:

Մարկոս Հովհաննիսյանը նշեց, որ հայոց եկեղեցին ծրագրում է սրբերի շարքին դասել եղեռնի նահատակներին, ովքեր զոհվեցին սոսկ իրենց դավանանքի պատճառով:

Նորիկ Գևորգյանն իր ելույթում նշեց այն դրական առաջընթացի մասին, որը տիրում է այսօր աշխարհում 1915 թվականի իրագործված ցեղասպանությունը որպես իրողություն ընդունելու մասին: Վերջինս նաև ավելացրեց, որ Թուրքիան դեռ պետականորեն չի ընդունել այս փաստը, սակայն աշխարհի բոլոր հայերը շարունակելու են ոչ միայն հարգել անմեղ զոհերի հիշատակը, այլ պահանջելու են կատարված իրադարձությունների համար համապատասխան գնահատական տալ ոչ միայն ցեղասպանություն իրագործած երկրից, այլ ողջ աշխարհից:

Ցուցահանդեսից հետո այցելուները հնարավորություն ունեցան դիտելու 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացվող իրադարձությունների մասին պատմող փաստագրական ֆիլմից կադրեր և «Վանա ծովի արշալույսը» գեղարվեստական կինոնկարը:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ժամը 1200-ին սրբ. Ալեքսանդրի եկեղեցում (հասցեն` Կոստելնայա 170) տեղի կունենա պատարագ` նվիրված Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նույն օրը, մի փոքր ավելի ուշ` ժամը 1800-ին «Կիևի հայկական համայնք» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է ֆլեշմոբ, որի  ժամանակ մասնակիցները երկինք կարձակեն մոտ 1000 վառվող լուսավոր օդապարիկներ:

Ֆլեշմոբի օրը և վայրը` 2015 թվական, 24 ապրիլի, Կիև, Հայրենական մեծ պատերազմի թանգարան, սկիզբը`1800:

Scroll Up