Չավուշօղլու. «Հայկական սփյուռքը և իր աջակիցներն ԱՄՆ-ում չափազանց ակտիվ են»

Ապրիլի 18-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Վաշինգտոն մեկնած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Մերիլենդ նահանգում գտնվող «Թուրք-ամերիկյան մշակութային և  քաղաքակրության կենրոն» և իրազեկվել ընթացիկ աշխատանքների մասին: Նախարարը հայտնել է, որ նշյալ կենտրոնի բացումը տեղի կունենա Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների մասնակցությամբ:

Այնուհետև Չավուշօղլուն ԱՄՆ-ի մահմեդական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել: ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի` այդ հանդիպմանը Թուրքիայի արտգործանախարարը բացի թուրք-ամերիկյան հարաբերություններից, խոսել է նաև ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ակտիվության մասին:

Չավուշօղլուն, անհիմն կերպով պնդելով, որ հայկական սփյուռքն ԱՄՆ–ում մահմդեականների և թուրքերի դեմ ուղղված քարոզչություն է իրականացնում, նշել է. «Հայկական սփյուռքը և իր աջակիցները Միացյալ Նահանգներում չափազանց ակտիվ են: Սակայն մեր դեսպանը (Սերդար Քըլըչը) ինձ  ասաց, որ դուք մեզ աջակցում եք, ինչի համար և շնորհակալ ենք»:

Չավուշօղլուն մահմեդական համայնքի ներկայացուցիչներին հրավիրել է ապրիլի 24-ին մասնակցելու թուրք-ամերիկյան հասարակական կազմակերպությունների կողմից Վաշինգտոնում կազմակերպվելիք «Խաղաղություն և համերաշխություն» քայլերթին:

Scroll Up