Իրանում 100 ծառ` 100-րդ տարելիցին
Ծառատունկի խորհուրդը հենց կյանքն է, կյանքի շարունակությունը և միասնությունը: Ծառատունկի պահն իսկ միասնություն է խորհրդանշում և Թ. Հ. Թ. 100-րդ տարելիցի հանձնախմբի կողմից հայտարարված համահամայնքային ծառատունկը երեկ Սոհանաքե այգում մեկ անգամ ևս համախմբեց մեզ: Մեզանից յուրաքանչյուրին այստեղ էր բերել մի խորհուրդ` Հայոց ցեղասպանության հիշողության խորհուրդը: Եվ այսուհետև այդ այգու գողտրիկ անկյունում իր ուրույն տեղը կունենա մեր բյուրավոր նահատակների հիշատակը հավերժացնող ծառուղին,- այս մասին «Հայերն Այսօր»-ին հայտնում է Իրանի Ալիք օրաթերթը: Ծառատունկին այգում տնկվեց 100-ը խորհրդանշող նույնքան շիվեր: Միջոցառմանը ներկա Թեհրան նահանգի Բնական պաշարների և ջրօգտագործման ընդհանուր վարչության տեխնիկական գծով փոխտնօրեն Հաղղանին իր խոսքում բարձր գնահատելով միջոցառման գաղափարը՝ նշեց, որ կարող ենք ծառուղում տեղադրել մի հուշատախտակ, որտեղ կհիշատակվի, որ այս պուրակը նվիրված է հայ նահատակների հիշատակին: Թեհրանի անտառների և արոտավայրերի պահպանման վարչության վալիե ֆաղիհե-ի ներկայացուցիչ հոջ. Մոհաբաթ Էսլամ Սալարին ևս բարձր գնահատելով իրողությունը` խոտացավ, որ այն կարժանանա հատուկ ուշադրության և խնամքի, միառժամանակ հորդորեց, որ հաճախ մենք էլ այցելենք ու խնամենք նորատունկ շիվերը: Թ. Հ. Թ. 100-րդ տարելիցի հանձնախմբի անունից արտահայտվեց հանձնախմբի անդամ Վահիկ Աղաքյանը, ով իր շնորհակալությունը հայտնեց պատկան մարմիններին, որ առիթ են ընծայել 100-րդ տարելիցի առիթով ծառատունկ իրականացվի: Նա հույս հայտնեց, որ այս համագործակցությունը շարունակական կլինի: Վերջում մեզանից յուրաքանչյուրը իր տնկած ծառի հետ թողեց իր հոգու մի մասնիկը՝ հուսալով, որ տնկիները շուտով կդառնան սաղարթախիտ ծառեր ու կհավերժացնեն խորախորհուրդ մեզ համար հավերժի նահատակների հիշողությունը: