Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է Գալիպոլիի միջոցառումները չեղարկելու մասին լուրերը

Գալիպոլիի մարտերի 100-րդ տարվան նվիրված տոնակատարությունները Թուրքիայում չեղարկելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից:
Ավելի վաղ թուրքական ընդդիմադիր «Զաման» պարբերականը, հենվելով կառավարությունում իր աղբյուրների վրա, տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Գալիպոլիի միջոցառումները չեղյալ են հայտարարվել: Ըստ անանուն աղբյուրի՝ պատճառն այն էր, որ պետությունների ղեկավարները չեն ցանկանում այցելել Անկարա և այդպիսով ստվերել Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:
«Գալիպոլիի տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել: Բոլոր նախապատրաստությունները դադարեցվել են՝ հաշվի առնելով հրավերների նկատմամբ ոչ դրական վերաբերմունքը: Միայն հինգ պետություններ են ընդունել հրավերը, սակայն նրանք էլ ներկայացված չեն լինելու բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով», ասել էր աղբյուրը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարին հայտարարեց, որ ապրիլի 24-ին իրենք նշելու են Գալիպոլիի մարտերի հարյուրերորդ տարին: Ի թիվս 102 պետությունների ներկայացուցիչների՝ պաշտոնական Անկարան այդ միջոցառումներին հրավիրեվ նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Վերջինս, սակայն, անմիջապես արձագանքեց թուրքական կողմի սադրիչ քայլին և մերժեց այն՝ ասելով. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»: