ԱՄՆ նախագահը դարձյալ խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս անգամ ևս չկատարեց նախընտրական խոստումը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ, և խուսափեց «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց, տեղեկացնում է Аssociated Press-ը:
Հայտարարության մեջ Օբաման նշել է, որ «զանգվածային սպանությունների» տարելիցը խորհրդանշում է պատմության պահպանման կարևորությունն ու անցյալը հիշելու անհրաժեշտությունը: Նա նաև ասել է, որ ինքը բազմիցս արտահայտվել է 1915-ին տեղի ունեցածի առիթով և որ իր դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել:
Ըստ աղբյուրի՝ Օբամայի այս քայլը, սակայն, անակնկալ չէր: Օրեր առաջ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Սպիտակ տան ներկայացուցիչներն ընդգծել էին, որ Օբաման այս տարի ևս չի շեղվի նախորդ տարիների ավանդույթներից:
«Մենք վստահ ենք, որ նախորդ տարիների ու այս տարվա մեր դիրքորոշումը ճիշտ է, քանի որ այն ճանաչում է անցյալն ու թույլ տալիս համագործակցել տարածաշրջանային գործընկերների հետ` ապագայում մարդկանց ոչնչացումից խուսափելու համար: Մեր կարծիքով՝ սա անչափ կարևոր է: Նախագահը պարբերաբար հայտնել է իր տեսակետը 1915թ. դեպքերի վերաբերյալ: Մենք գիտենք, որ կան մարդիկ, ովքեր այս տարի այլ բան են ցանկանում լսել»,- երեկ հայտարարել էր ԱՄՆ-ի պետդեպարտամենի խոսնակի պաշտոնակատար Մարի Հարֆը:
Լրագրողները Սպիտակ տան մամուլի քարտուղար Էրիկ Շուլցին նույնպես Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հարցեր էին ուղղել ԱՄՆ նախագահի դիրքորոշման մասին: Նրանցից մեկը, մասնավորապես, հարցրել էր, թե ինչու է Բարաք Օբաման օգտագործել «ցեղասպանություն» բառը 2008 թվականին նախընտրական քարոզարշավի ժամանակ, իսկ այժմ խուսափում է այդ եզրույթից:
«Նախագահը և վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս պատմական փաստ են ճանաչել Օսմանյան կայսրության վերջին օրերին 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանությունը»,- ասել էր Շուլցը:
Հիշեցնենք, որ Հռոմի պապը 1915-ի հայ զոհերին նվիրված պատարագի ընթացքում հայերի հանդեպ տեղի ունեցածը «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» էր կոչել, ինչին հաջորդել էր Եվրոպայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը:
ԱՄՆ-ում նույնի կրկնությունը կանխելու համար Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել էր Վաշինգտոն ու մի շարք հանդիպումներ էր ունեցել: Ի վերջո, հաղորդվել էր, որ Օբաման հերթական անգամ կխուսափի «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից:
Նշենք, որ Բարաք Օբաման սենատոր եղած ժամանակ (2005-2008թթ) Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923թթ. հայերի նկատմամբ իրականացված եղեռնագործությունը մի քանի անգամ որակել էր որպես «ցեղասպանություն» և այդ ժամանակվա նախագահ Ջորջ Բուշին կոչ արել պաշտոնապես ճանաչել այն: 2008թ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ խոստացել էր, թե նախագահ դառնալու դեպքում պաշտոնապես ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը։ Սակայն յուրաքանչյուր տարի նա ապրիլի 24-ի կապակցությամբ հանդես է գալիս հիշատակի ուղերձով, որում «ցեղասպանություն» եզրույթի փոխարեն օգտագործում է «Մեծ եղեռն» բառը: