Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում

2015 թվականի փետրվարի 5-ին Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի քաղաքապետարանում քաղաքապետ Էրիկ Պիոլի, Ֆրանսիայում ՀՀ դեսպանորդի, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսի, Գրենոբլի և շրջակա մի շարք քաղաքների քաղաքապետերի, սենատորների, պատգամավորների, մշակութային և լրագրողական շրջանակների բազմաթիվ ներկայացուցիների, ինչպես նաև հարյուրավոր ֆրանսահայերի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների հանդիսավոր մեկնարկը, այս մասին «Հայերն այսօրին» Ֆրանսիայից տեղեկացնում է Լենա Քոչարյանը:

Բացման խոսքով հանդես եկան Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլը, Իզեր նահանգի հայ համայնքային ընկերակցությունների անունից ելույթ ունեցավ Պասկալ Բաբակյանը և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Վահագն Աթաբեկյանը:

Միջոցառումը մեկնարկեց «1915-2015» տեսանյութի ցուցադրմամբ, որը պատրաստել էր «Ազադ» օրաթերթի նախագահ Գրեգուար Ադամյանը, Արայիկ Սաքունցի ընկերակցությամբ:
Այնուհետև Գրենոբլի հայ մշակույթի տան սաները, Դիանա Թոմոյանի գլխավորությամբ, բեմականացված ներկայացրեցին Հայոց ցեղասպանությունը վերապրած հայորդիների (այդ թվում նաև իրենց իսկ ազգականների) և Ցեղասպանության ընթացքում օտարերկրյա ականատեսների կողմից հայ ազգի տառապանքները նկարագրող վկայությունները և պատմությունները:

Հայ մշակույթի տան սաները հանդիսատեսին ներկայացրին նաև «Քեզ համար Հայաստան» /Pour toi Arménie/ երգը, ինչպես նաև հայկական ժողովրդական երգեր:

Միջոցառումը հանդիսավոր կերպով եզրափակվեց ՀՀ և ՖՀ ազգային օրհներգերով:

Գրենոբլում և շրջակա քաղաքներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագիրը ներառում է մոտ 40 տարաբնույթ միջոցառում:

գրենոբլ.1Գրենոբլ5Գրենոբլ4Գրենոբլ3Գրենոբ2գրենոբլ

Scroll Up