ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցեց Արմավիրի մարզի Հացիկ համայնքի հիմնանորոգված դպրոցի բացմանը

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը փետրվարի 11-ին մասնակցեց ՀՀ Արմավիրի մարզի Հացիկ (Նաիրի) համայնքի դպրոցի հիմնանորոգված շենքի բացման արարողությանը: Դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է Հայաստանի մանուկների հիմնադրամի «ՀՀ գյուղական համայնքների համալիր զարգացման երեխայակենտրոն ծրագրի» շրջանակում:
«Հայաստանի մանուկների հիմնադրամը», որն ստեղծվել է 2000 թվականին ամերիկաբնակ մտավորական Կարո Արմենի նախաձեռնությամբ՝ մեծ նվիրումով շարունակում է նպաստել Հայաստանում մանուկների կրթադաստիարակչական պայմանների բարելավմանը՝ այն գիտակցությամբ, որ կրթված, զարգացած սերունդը երկրի ամենամեծ հարստությունն է:
Նախարար Հ. Հակոբյանը դպրոցի բացման արարողությունից հետո ծանոթացավ նորոգված դասասենյակներին և տեխնիկական հնարավորություններին:
ՀՀ սփյուռքի նախարարության կողմից դպրոցին նվիրվեցին գրքեր և խտասալիկներ: