«Հայերն այսօրը» զգեստավորվում է Անմոռուկի գույներով. «Հիշում եմ և պահանջում»

Այս տարվա մարտին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ձեռնարկները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների հանդիպումից հետո` հաստատվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդանիշն ու կարգախոսը: Իբրև խորհրդանիշ ընդունվեց  Անմոռուկ ծաղիկը, որը աշխարհի բոլոր լեզուներով նշանակում է` չմոռացվող, իսկ կարգախոսը` «Հիշում եմ և պահանջում»:

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, իր մի շարք նախաձեռնություններով (այդ մասին կհաղորդենք ավելի ուշ) թևակոխելով նոր հանգրվան` «զգեստավորվեց» անմոռուկով և նրա երանգներով:

Մեր արտաքին ու բովանդակային նոր «գույնով» միանում ենք «Հիշում եմ և պահանջում» կարգախոսին:

Մայիսի 26-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տարածաշրջանային համակարգող հանձնախմբերի ղեկավարների և ներկայացուցիչների հավաք-հանդիպումի ժամանակ` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքի մեջ նշեց, որ 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի նպատակն էր` թողնել մեկ հայ և այն էլ թանգարանում: «Հայերն այսօր ունեն երկու պետություն և օտար ափերում հիմնադրված ու հայանպաստ գործունեություն իրականացնող հայահոծ հզոր համայնքներ», -ասաց նախարարը:

«Հայերն այսօրը» Հայաստանի´ց պիտի շարունակի համագործակցել հայանպաստ գործունեություն ծավալող այդ բոլոր համայնքների հետ, համայն հայությունը` ազգային, հոգևոր, մշակութային արժեքների շուրջ համախմբելու առաքելությամբ:

«Հայերն այսօրը», գործելով ՀՀ սփյուռքի նախարարության անմիջական հովանու ներքո, հանդիսանալով նրա հիմնական լրատվամիջոցը, պիտի շարունակի հետապնդել նույն նպատակը, որին միտված գործում է նախարարությունը` իբրև պետական կառավարման կարևոր օղակներից մեկը:

Պետք է շարունակենք առաջնորդվել համահայկական հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվական-ճանաչողական, հայկականության գաղափարի շուրջ համախմբող, Սփյուռքի մեջ հայապահպանությանը նպաստող և հայեցի արժեքներ քարոզող բազմաբնույթ նյութերի մատուցման հրամայականով` նպատակակետ ունենալով համայն հայության գերակա շահը: Արևմտահայերեն էջի հրապարակումների թիվը ավելացնելով` մայրենի լեզվի այս ճյուղի պահպանումն ու զարգացումը պետք է դառնա մեր առաջնահերթ առաքելություններից մեկը:

ՊԻՏԻ ՀԻՇԵՆՔ ԵՒ ՊԱՀԱՆՋԵՆՔ…

Scroll Up