Տեղի ունեցավ «Խորեն և Շուշանիկ Ավետիսյաններ դպրոցի և համայնքային կենտրոնի» նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը
Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Մալաթիա-Սեբաստիա թաղամասում կառուցված «Խորեն և Շուշանիկ Ավետիսյաններ դպրոցի և համայնքային կենտրոնի» և «Գրիգոր և Բեաթրիս Բիլեզիկյան» մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը, Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի և Ամերիկայի ներկայացուցիչները, վերապատվելիներ, ԱԺ պատգամավորներ, պետական այրեր, միջազգային, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, բարերարներ, հյուրեր:
Նոր մասնաշենքի մուտքը երիզող ժապավենը կտրելուց հետո հյուրերը շրջեցին համալիրում: Այնուհետև նորաբաց դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն: Բացման խոսքով հանդես եկան Հայաստանեայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանը:
Հանրապետության Նախագահը հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար Էդվարդ Ավետիսյանին պարգևատրեց «Մովսես Խորենացի» մեդալով:
Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար Էդուարդ Ավետիսյանը կարևորեց աջակցությունը աճող սերնդի հայեցի կրթությանն ու դաստիարակությանը:
Բարերարի կինը՝ Պամելա Ավետիսյանը կրթահամալիրին դաշնամուր նվիրեց:
Ելույթ ունեցան ԱՀԱԸ-ի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցիչ Բրեդլի Բուսետոն:
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար Էդուարդ Ավետիսյանը 1998 թվականից բազմաբնույթ բարեգործական աշխատանքներ է իրականացնում Հայաստանում: Արդեն 15 տարի է ինչ Էդվարդ Ավետիսյանը ԱՀԱԸ-ի Հայաստանի գրասենյակի միջոցով հովանավորում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Խորեն և Շուշան Ավետիսյանների անվան կրթօջախը: Այն մեծ կրթական համալիր է, որը բացի կրթական խնդրից սոցիալական ուղղվածություն ունի: Դպրոցը գործում է բարեգործական հիմունքներով, այնտեղ սովորում է սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 300 երեխա:
Սփյուռքում Հայ ավետարանական եկեղեցու հովանու ներքո աշխարհի 24 երկրում գործում են տասնյակ հայկական կրթօջախներ՝ նախակրթարաններ, քոլեջներ, վարժարաններ, և աշխարհում միակ հայկական՝ Հայկազյան համալսարանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Իր գոյության տարիներին Ավետարանչական ընկերակցությունը մշտապես հայկական կրթարաններ է ստեղծել և հովանավորել: Համայնքի ուսման խնդիրները, թերևս, նրա մշտական հոգածության առարկան են եղել: Սփյուռքում գործող Հայ Ավետարանչական Ընկերակցության կրթօջախներն առանձնանում են ուսումնական գործընթացի և արտաուսումնական, հայապահպանական ծրագրերի ու միջոցառումների կազմակերպման որակով և բարձր մակարդակով: