Տեղի ունեցավ «Իրանի Փերիա գավառի հայության օրեր Հայաստանում» միջոցառման հանդիսավոր բացման արարողությունը

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում ազդարարվեց ՀՀ սփյուռքի նախարարության, Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի և Թեհրանի Փերիո կրթասիրաց միության նախաձեռնությամբ կազմակերպված «Իրանի Փերիա գավառի հայության օրեր Հայաստանում» միջոցառումների հանդիսավոր բացման արարողությունը: Միջոցառման սկզբում ներկաները դիտեցին «Իրանի Փերիա գավառի հայկական գյուղեր» խորագրով ֆիլմը, որը նվիրված էր վաստակաշատ ուսուցիչ, բանասեր Լևոն Մինասյանի հիշատակին:

Ապա ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ասաց. «Սիրելի՛ փերիացիներ, իրոք, այս միջոցառման կազմակերպումը պետք է պատմական երևույթ համարել, քանի որ այդպիսով ապացուցում ենք հայ-իրանական բարեկամության հավերժությունը, հզորությունը և զարգացման հետագա հեռանկարները: Հայ-իրանական հարաբերությունները պատմական մեծ ճանապարհ են անցել, հուսով եմ՝ այն դեռ դարեր կշարունակվի. իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը` այնտեղ հայերիս բոլոր նպաստավոր պայմանները ստեղծելու համար, որով մենք կարողացել ենք պահպանել մեր լեզուն, մշակույթը, ազգային դիմագիծը և պատմությունը: Այնտեղ այնպիսի պատմական հուշարձաններ ստեղծեցինք, որոնցով այսօր հպարտանալ կարելի է, այս հավաքը սեր է առ Փերիա, առ մեր նախնիները: Վստահ եմ՝ այս ընթացքում հագեցած օրեր եք անցկացնելու, որոնք երբեք չեք մոռանա: Երախտագիտությունս եմ հայտնում նաև Մատենադարանի տնօրինությանը՝ իր հոյակերտ հաստատության դռները մեր առջև բացելու և ցուցաբերած աջակցության համար»:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի ողջույնի խոսքը և ԻԻՀ խորհրդարանում հայազգի ներկա և նախկին պատգամավորների ողջույնի խոսքերը կարդաց Թեհրանի Փերիո կրթասիրաց միության վարչության նախագահ Գասպար Ամիրխանյանը: Իսկ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեյիսիի ողջույնի խոսքը փոխանցեց ԻԻՀ դեսպանորդ պարոն Զամանին:

Վերջում բոլոր ներկաները այցելեցին Մատենադարանի ձեռագրատուն՝ տեսնելու Փերիա գավառի ձեռագրերը:

4 1 2 3

Scroll Up